Մունդիալ-2010-ի եզրափակիչի կրկնություն Եվրո-2024-ում, թե՞ անգլո-իսպանական առճակատում...
Ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունը մոտենում է ավարտին: Հուլիսի 9-ին հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը, իսկ այսօր երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Նիդերլանդների ու Անգլիայի հավաքականները:
FastNews-ը ներկայացնում է Նիդերլանդներ - Անգլիա հանդիպման անոնսը։
Ռոնալդ Կումանի գլխավորած Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում բավական բարդ պայքարում հաղթահարեց Թուրքիայի թիմի արգելքն ու մրցակից ստացավ Գարեթ Սաութգեյթի դեռևս անփայլ ֆուտբոլ ցուցադրող «ոսկե» թիմին: Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում մրցեց Եվրո-2024-ի հայտնություններից Շվեյցարիայի թիմի հետ ու հաղթեց միայն 11-մետրանոց հարվածաշարում:
«Եռառյուծները» Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ երրորդ անգամ են հասել խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչ և կարող են երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության վճռորոշ խաղին մասնակցելու հնարավորություն ստանալ: Եվրո-2024-ի ընթացքում, հավանաբար, ամենաքննադատված անձնավաորությունն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: Այն, որ բրիտանական թիմը չի ցուցադրում իր կազմին համապատասխան խաղ` հստակ է, բայց փաստ է, որ հասել է կիսաեզրափակիչ ու շարունակում է պայքարը բաղձալի ավարի համար: Ամեն դեպքում, Սաութգեյթն Անգլիայի հավաքականի ցուցադրած խաղի համար շարունակում է «քարկոծվել» երկրպագուների ու մամուլի կողմից:
.jpg?auto=webp&format=pjpg&width=3840&quality=60)
Հաշվի առնելով թիմերի անցած ճանապարհը՝ Նիդերլանդների հավաքականն ավելի հանգիստ է հասել կիսաեզրափակիչ, քան Անգլիայի թիմը: Անգլիացիները 2 ծանր հանդիպում են անցկացրել փլեյ-օֆֆում, երկու դեպքում էլ խաղադաշտում անցկացրել են առնվազն 120 րոպե և ծախսել են մեծ էներգիա: Նիդերլանդների հավաքականը պայքարի մեջ մնացած թիմերից միակն է, որն այս մրցաշարում չի տեսել ու չի լսել լրացուցիչ ժամանակի մասին: Կումանի թիմը 1/8 եզրափակիչում շատ վառ խաղով պայքարից դուրս թողեց Ռումինիայի հավաքականին, հետո էլ կամային հաղթանակի հասավ Թուրքիայի նկատմամբ:
Նիդերլանդների թիմը բարդությունների հանդիպեց խմբային փուլում ու փլեյ-օֆֆ հասավ միայն երրորդ տեղով: Ժամանակը ցույց տվեց, որ երրորդ տեղը նիդերլանդցիների համար ավելի հեշտ ճանապարհ բացեց ու Կումանի թիմը մինչև կիսաեզրափակիչ հասնելը թոփ հավաքականի չհանդիպեց: Նիդերլանդների թիմը կփորձի կրկնել Պորտուգալիայի հավաքականի հաջողությունը, որը 2016 թվականին երրորդ տեղով դուրս եկավ խմբից, մինչև եզրափակիչ հասնելը ստացավ համեմատաբար թույլ մրցակիցներ, վճռորոշ խաղում էլ հաղթեց Ֆրանսիայի հավաքականին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նիդերլանդների հավաքականը 2004 թվականից հետո առաջին անգամ է հայտնվել կիսաեզրափակիչում: Պորտուգալիայում կայացած մրցաշարում նիդերլանդցիները զիջեցին հենց տանտերերին: «Նարնջագույնները» նախորդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչում եղել են 1988 թվականին ու 2-0 հաշվով առավելության են հասել ԽՍՀՄ-ի հավաքականի հետ պայքարում:
Նիդերլանդների միակ չեմպիոնությունն ու Վան Բաստենի պատմական գոլը․ Հետհայաց գերմանական նախորդ Եվրոյին
Կողմերը շատ վաղուց խոշոր մրցաշարի եզրափակիչում չեն հանդիպել: Թիմերի միջև նախորդ խաղը կայացել է 2019 թվականին՝ Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում: Այդ հանդիպումը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ ու ավարտվել էր Նիդերլանդների թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով:
Իսկ ահա Եվրոպայի առաջնությունում Նիդերլանդների ու Անգլիայի հավաքականները նախորդ անգամ մրցել են 1996 թվականին: Խմբային փուլում անգլիական թիմն առավելության էր հասել 4-1 հաշվով: Եվրո-96-ում Նիդերլանդների հավաքականը պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչում, իսկ Անգլիան հասավ մինչև կիսաեզրափակիչ:
Եթե Նիդերլանդների հավաքականը պատմության մեջ մեկ անգամ է կարողացել նվաճել Եվրոպայի առաջնության գավաթը, ապա ֆուտբոլի հայրենքի ներկայացուցիցը երբեք չի հաղթել Եվրոն, երբե՛ք:
Սաութգեյթին անդադար քննադատում են անհրապույր ֆուտբոլ ցուցադրելու համար, բայց փաստերն ուղղակի գոռում են, որ Անգլիայի հավաքականը 21-րդ դարում լավագույն արդյուքները գրանցել է հենց այս մասնագետի գլխավորությամբ: Անգլիայի թիմը Սաութգեյթի հետ հասել է 2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, Եվրո-2020-ի եզրափակիչ, ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ և հիմա էլ պայքարում է Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար: Շատերը կասեն, որ նման կազմի հետ այլ մարզիչներ ավելի լավ արդյունքներ կգրանցեին, քան Սըր դառնալու ճամփան բռնած Սաութգեյթը: Բայց հետ նայելով կարող ենք հասկանալ, որ Անգլիան միշտ էլ ամուր հավաքական է ունեցել՝ համալրված գերաստղերով, սակայն խոշոր մրցաշաերում հեռուն գնալ չի կարողացել: Այո՛, Անգլիայի հավաքականը գրավիչ ֆուտբոլ չի խաղում, բայց հաճախ են նման մրցաշարերում հաղթում այն թիմերը, որոնք այդպես էլ ամբողջ առաջնության ընթացքում ցույց չեն տալիս իրենց ներուժը: Անգլիայի հավաքականը տիտղոսների «քաղց» ունի ու նրանց ընդհանրապես չի հետաքրքրում վառ ֆուտբոլը: Արդյունք, արդյուք ու միայն արդյունք. սա է անդադար պպտվում Սաութգեյթի ու Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների գլխում:

Շատերի համար անսպասելիորեն կիսաեզրափակիչ հասավ Նիդերլանդների հավաքականը, որը նույնպես բավական ուժեղ կազմ ունի, ու դա այն պարագայում, որ թիմի հետ Գերմանիա չմեկնեցին Ֆրենկի դե Յոնգն ու Տեոն Կոպմեյներսը: Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականը համեմատած Անգլիայի թիմի, ավելի գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, չի զգում հավելյալ ճնշում ու աննակտ փորձում է ներխուժել եզրափակիչ: Հավաքականում տպավորում անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն, որը ձգտում է դառնալ մրցաշարի գլխավոր ռմբարկուն: Նիդերլանդների հավաքականի երկրպագուներն արդեն գրեթե մեկ ամիս նարնջագույն են դարձրել գերմանական քաղաքներն ու այսօր էլ նրանց ներկայությունը կարող է որոշիչ լինել: Նիդերլանդցի ֆաները խոստացել են «Սիգնալ Իդունա Պարկի» լեգենդար «Դեղին պատը» ներկել նարնջագույնով ու տնային մթնոլորտ ապահովել իրենց սիրելի հավաքականի համար:
Այսօր Դորտմունդում մեծ աստղերի բախում է սպասվում, բայց, ցավոք, ուշադրության կենտրոնում միայն ֆուտբոլիստները չեն լինելու: Սա այն յուրահատուկ հանդիպումներից է, երբ արդեն խաղից առաջ բոլորը կենտրոնացած են մրցավարի ուղղությամբ: Հանդիպումը սպասարկելու է Ֆելիքս Ցվայերի գլխավորած մրցավարական անձնակազմը: Գերմանացի մրցավարը վերջին շրջանում առաջատար լրատվամիջոցների գլխավոր էջերում է: Ցվայերը մեղադրվում է պայմանավորված խաղերի մեջ. սկանդալ, որը կարող է խանգարել նրան պատասխանատու հանդիպման ժամանակ, սկանդալ, որը կարող է լուրջ ազդեցություն թողնել Նիդերլանդներ – Անգլիա կիսաեզրափակիչի արդյունքի վրա:


