Logo

Նազիկ Ավդալյան. «Անչափ ուրախ եմ, որ մրցավարական նորամուտս նշելու եմ Հայաստանում»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:28 / 13.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի կանանց 2009թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2016) և արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը մրցավարական աշխատանքում նորամուտը կնշի Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

VNews-ի թղթակցի հետ զրույցում անվանի մարզուհին ներկայացրել է իր սպասելիքները երևանյան ԵԱ-ից, գնահատել է մրցման կազմակերպման մակարդակը և հայտնել, թե ինչից է ցանկանում խուսափել այս մրցաշարի ընթացքում։

- Մարզուհու կարգավիճակում մասնակցել եք աշխարհի ու Եվրոպայի մի շարք առաջնությունների, իսկ այժմ ներկայանալու եք որպես մրցավար, այն էլ՝ հայրենիքում առաջին անգամ անցկացվող խոշոր մրցաշարում։ Կա՞ լարվածություն նոր կարգավիճակում առաջին փորձից առաջ։

- Ավելի շատ համակված եմ պատասխանատվության մեծ զգացումով, որը ելույթներիս ընթացքում էլ միշտ ուղեկցել է ինձ կարևոր մրցումներից առաջ։ Այնպես որ, ծանոթ իրավիճակ և հույզեր են։ Հուսով եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Իհարկե, անչափ ուրախ եմ, որ մրցավարական նորամուտս նշելու եմ հայրենիքում։ Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ Հայաստանում միջազգային մրցումների մասնակցելու առիթ չեմ ունեցել։

- Որքանո՞վ է բարդ մրցավարի աշխատանքը ծանրամարտում։

- Կանոնների առումով պարզ թվացող մեր մարզաձևում իրականում շատ են ծագում վիճելի հարցեր։ Պատասխանատվությունը մեծ է նաև այն առումով, որ առաջնության մասնակիցների թվում են մեր հայրենակիցները։ Անշուշտ, ցանկանում եմ, որ բոլորը անթերի մասնակցեն և խուսափեն անախորժ իրավիճակներից, իսկ ես էլ նորմալ կատարեմ մրցավարական գործառույթներս։ Չէի ուզենա տհաճություն պատճառել որևէ մեկին և դժգոհ մնալ սեփական աշխատանքից։

- Կազմակերպչական առումով կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել ձեր մասնակցած առաջնությունների հետ։

- Այնքանով, որքանով ծանոթ և տեղյակ եմ գործընթացին, կարող եմ ասել, որ ամեն ինչ իդեալական է արված՝ սկսած բացման արարողությունից, վերջացրած գույքով և այլ հարցերով։ Իսկապես բացառիկ առաջնություն է լինելու, որը գոնե կազմակերպչական առումով գերազանցելու է նախորդներին։

- Զրուցե՞լ եք հայ մարզուհիների հետ, տեղյա՞կ եք, թե ինչ մարզավիճակում են նրանք։

- Բոլորն էլ լավ մարզավիճակում են։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա և կկարողանան մասնակցել իրենց պատրաստվածության աստիճանին համապատասխան։ Իհարկե, լավ մարզավիճակն ամենևին էլ չի ենթադրում հաջող մասնակցություն, քանի որ արդյունքը պայմանավորված է տարբեր գործոններով։ Ամեն դեպքում, մեր բոլոր մարզիկներին և մարզուհիներին մաղթում եմ հաջողություն։ Իսկ ամենակարևորն այն է, որ մարզիկներն ու մարզիչները բավարարված լինեն իրենց կատարած աշխատանքից և գրանցած արդյունքից։ Այդ դեպքում մարզասերն էլ միանշանակ գոհ կլինի։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Մարզիկներն ու մարզիչներն են սեփական աշխատանքի առաջին և ամենամեծ քննադատը։ Ես էլ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալիս տարբեր պատճառներով ոչ միշտ եմ լիարժեք գոհ եղել սեփական արդյունքից, թեպետ շրջապատումս շատերը հիացած են եղել։ Միշտ ավելին եմ ակնկալել ինքս ինձնից։ Բնականաբար, երբ հաղթում ես՝ շատ մանրամասներ դուրս են մնում հանրության տեսադաշտից։ Այնպես որ, շատ կարևոր է անձնական անաչառ գնահատականը սեփական աշխատանքին։

- Ծանրամարտի աշխարհից կա՞ որևէ մեկը, ում շատ կցանկանայիք հանդիպել Երևանում։

- Հատուկ չեմ ուսումնասիրել ժամանողների կազմը։ Մրցավարների թվում ծանոթներ չունեմ։ Իհարկե, կան մարդիկ, որոնց շատ հաճելի կլինի հանդիպել։ Ցանկացած մրցում ուղեկցվում է շփումներով և ծանոթություններով։ Մրցակցությունը երբեմն վերածվում է նաև մտերմության։ Հուսով եմ՝ կունենամ հաճելի հանդիպումներ։

- Մտադի՞ր եք խորանալ մրցավարության ոլորտում։

- Հիմա չեմ կարող որևէ բան ասել ապագայի վերաբերյալ, քանի որ որոշակիության պակաս կա։ Իհարկե, կուզենայի շարունակել։

- Շարունակո՞ւմ եք զբաղվել մարզչական գործունեությամբ։

- Ոչ։ Արցախին առնչվող հետաքրքիր և գեղեցիկ ծրագրեր ունեի, սակայն ներկայումս իրավիճակը չի տրամադրում դրանց իրագործմանը։ Շատ ուրախ կլինեմ, որ Արցախում ամեն ինչ շուտափույթ կարգավորվի, տարբեր բնակավայրերում նոր մարզադպրոցներ հիմնվեն և սպորտը, մասնավորապես, ծանրամարտը, տարածվի և զարգանա այնտեղ։ Մեծ հույս ունեմ, որ այդ ամենն առջևում է։

- Ի՞նչ սպասելիքներ ունեք այս առաջնությունից։

- Եվրոպայի առաջնությունն անչափ կարևոր իրադարձություն է, որն ընդունելը, կարծում եմ, մեծ պատիվ և պատասխանատվություն է ցանկացած երկրի համար։ Այն միանշանակ կնպաստի Հայաստանում ծանրամարտի զարգացմանը և այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին։ Իսկ դա շատ կարևոր գործոն է. որքան մեծ լինի հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և որքան շատ լինեն մարզվողները, այնքան մարզիչների համար հեշտ կլինի ընտրել հեռանկարային մարզիկների և զարգացնել նրանց ունակությունները։ Կարծում եմ նաև, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը մարզաձևի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կառաջացնի անգամ այն մարդկանց շրջանում, որոնք նախկինում առանձնապես չէին հետևում ծանրամարտի մրցումներին։ Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս լսել։

-  Ռուսաստանի և Բելառուսի թիմերի բացակայությունը ինչպե՞ս կանդրադառնա մրցակցության մակարդակին։

- Անպայման կանդրադառնա, բայց չեմ կարծում, որ էապես կթուլացնի այն։ Այդ երկրներում, իհարկե, կան ուժեղ ծանրորդներ, բայց մյուս թիմերում էլ կան ուժեղագույններ, ուստի հետաքրքիր պայքար եմ ակնկալում։

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա