Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե ու արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն անդրադարձել է կարիերան ավարտելու մասին ակնարկած Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ)։
«Հռիփս ջան հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ…
իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։
Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։ Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կնտրես քեզ համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի մարզուհին։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից վերադառնալուց հետո չէր բացառել, որ կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը։
36-ամյա մարզուհին 2022 թվականին մրցահարթակ էր վերադարձել 6 տարվա դադարից հետո, իսկ նախորդ տարի դարձել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա նաև 2007թ․ Եվրոպայի չեմպիոն ու 2006թ․ փոխչեմպիոն է։


