Այսօր մեկնարկել է NBA-ի 2020-2021թթ․ մրցաշրջանը։ Բացման խաղում չեմպիոն «Լեյքերսը» 109։116 հաշվով պարտվել է «Կլիպերսին»։ Լոս-Անջելեսի դերբիում ամենաարդյունավետը եղել է հյուրերի պաշտպան Փոլ Ջորջը, ով վաստակել է 33 միավոր։ Նրա աստղային թիմակից Քավայ Լեոնարդը հավաքել է 26 միավոր։
«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն ընդամենը 28 րոպե է խաղացել, որոնց ընթացքում վաստակել է 22 միավոր, կատարել 5 արդյունավետ փոխանցում և տիրել 5 անդրադրաձի։
Օրվա մյուս խաղը կայացել է Նյու-Յորքում, որտեղ «Բրուքլին Նեթսը» 125։99 հաշվով ջախջախել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։ Վնասվածքի պատճառով 1,5 տարի բաց թողնելուց հետո առաջին խաղն է անցկացրել Քևին Դյուրանտը։ Իր նախկին թիմի դեմ խաղում հարձակվողը վաստակել է 22 միավոր։ Նրա աստղային թիմակից Կայրի Իրվինգն իր հաշվին գրանցել է 26 միավոր։
«Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Կարին վաստակել է 20 միավոր և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

