Netflix սթրիմինգային ծառայությունը գնել է ռեժիսոր Թոդ Հեյնսի «Մայիս, դեկտեմբեր» դրամայի ցուցադրության իրավունքը՝ Կաննի 76-րդ կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո, գրում է Variety-ն։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Նատալի Պորտմանն ու Ջուլիանա Մուրը։
Ինչպես նշում է պարբերականը, աճուրդը սկսվել է 6 մլն դոլարից, ինչի արդյունքում ֆիլմը Netflix-ին արժեցել է 11 մլն դոլար: Ֆիլմի համար պայքարել են մի քանի դիստրիբյուտորներ, այդ թվում՝ Neon-ը։ Ըստ պարբերականի՝ Netflix-ն ակնկալում է, որ աշնանը «Մայիս, դեկտեմբեր»-ը կդառնա «Օսկար»-ի հավակնորդներից մեկը։
Ֆիլմի վերնագիրը հղում է անում անգլերեն արտահայտությանը, որը նշանակում է ռոմանտիկ հարաբերություններ՝ տարիքային մեծ տարբերությամբ։ Սյուժեի կենտրոնում ամուսիններ Գրեյսին և Ջոն են (Ջուլիանա Մուր և Չարլզ Մելթոն), որոնք 20 տարի առաջ ուսուցիչ և աշակերտ էին (Ջոն ընդամենը 13 տարեկան էր): Այդ ժամանակ շատ տաբլոիդներ գրեցին նրանց սիրավեպի մասին, իսկ այժմ պատրաստվում են գեղարվեստական ֆիլմ նկարահանել նրանց պատմության հիման վրա։ Դերին ավելի լավ ընտելանալու համար, մինչ նկարահանումների մեկնարկը ամուսիններին հյուր է գալիս դերասանուհի Էլիզաբեթը (Նատալի Պորտման), որը պետք է մարմնավորի Գրեյսիին։
Rotten Tomatoes գրախոսությունների ագրեգատում «Մայիս, դեկտեմբեր» ֆիլմը ստացել է «թարմության» 88% վարկանիշ: Վարկանիշը կազմվել է 34 հրապարակումների հիման վրա։
Կաննի կինոփառատոնում ցուցադրված այլ ֆիլմերը՝
Կաննի 76-րդ կինոփառատոնը. 11 ֆիլմ, որոնք պարտադիր պետք է դիտել


