Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ապրիլի 11-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։
A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ից։ Երկամարտում Լալայանի և Մարտիրոսյանի նախնական հայտը 450 կգ է։
Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունից հետո հրաժարվել էր պայքարից։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) էլ զրո էր ստացել պոկում վարժությունում։ Երեք ծանրորդներն էլ արդեն լրացրել են օլիմպիական վարկանիշ։
Աշխարհի գավաթի խաղարկությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է ծանրամարտում։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած ծանրորդները։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օլիմպիական ուղեգիր նվաճած ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Արդեն հայտնի է, որ Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա, քանի որ Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականն անհրաժեշտ վարկանիշային միավորները չի վաստակել:


