Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ «Սանթոսի» վինգեր Նեյմարը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ, հատկապես Նեյմարի, Դանիլոյի («Ֆլամենգո») և Էդերսոնի («Մանչեսթեր Սիթի»)։
Հետազոտությունից հետո որոշել ենք հայտացուցակում ընդգրկել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, «Ֆլամենգոյի» պաշտպան Ալեքս Սանդրոյին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկին»,- ասել է Դորիվալ Ժունիորը:
33-ամյա Նեյմարը 17 ամսվա դադարից հետո ընդգրկվել էր Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում։
«Պենտակամպիոններն» աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում մարտի 21-ին սեփական դաշտում կմրցեն Կոլումբիայի թիմի դեմ, իսկ 14-րդ տուրում մարտի 26-ին հյուրընկալվելիս կհանդիպեն Արգենտինայի հավաքականին։


