ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում հեռանալ փարիզյան թիմից: Բրիտանական Goal-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը լրջորեն պատրաստվում է այս տարի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը (նոյեմբերի 21-դեկտեմբերի 18), որպեսզի առաջնորդի Բրազիլիայի հավաքականին՝ 6-րդ չեմպիոնական գավաթը նվաճելու նպատակով:
30-ամյա հարձակվողն ազգային հավաքականի համար կարևոր ստուգատեսից առաջ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Թուրինի «Յուվենտուսին» առաջարկել է վարձակալել Նեյմարին:
Բրազիլացին 2017 թվականի ամռանն է ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Ռմբարկուի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


