Լեգենդար, նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» «Լուկոյլ Արենա» ստադիոնում, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը։
«Շատ ծանր է համակերպվել այն մտքի հետ, որ վաղը Նիկիտա Պավլովիչն այլևս չի գալու ՌՖՄ գրասենյակ, չենք հանդիպելու, չենք խոսելու ֆուտբոլից ու չենք քննարկելու աշխատանքային հարցեր։
Մենք կորցրել ենք ընտանիքի անդամի, ու սա մեծ կորուստ է ոչ միայն ՌՖՄ-ի, այլև ամբողջ երկրի համար։ Նման մարդիկ այլևս չկան։
Ես և Ֆուտբոլի միության ամբողջ անձնակազմը խորագին ցավակցություններ ենք հայտնում Նիկիտա Սիմոնյանի հարազատներին ու մտերիմներին։ Մենք նրա ընտանիքի անդամներին կաջակցենք ցանկացած հարցում և այժմ զբաղված ենք հիշատակի արարողության կազմակերպմամբ։ Առաջիկայում կհայտնենք բոլոր մանրամասները»,- նշել է Ռուսաստանի ֆուտբոլի միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը։
Նիկիտա Սիմոնյանը 162 գոլով Մոսկվայի «Սպարտակի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։ Նա նոյեմբերի 23-ին մահացել է 99 տարեկանում։


