***
Սյունիքը պետք է չափվեր թուրք, թաթարների հետ: Ռազմամթերք չկար, պակասում էր հացը: Այդ գերազանցորեն ծանր օրերից մեկն էր .... Շատերն առանց արտահայտվելու մատնում էին իրենց անհանգստությունը մեր հետագա հաջող դիմադրության կարելիության մասին...
Խոհերս սկսել էին բյուրեղանալ, արդեն գիտեի ասելիքս և անելիքս, բայցևայնպես շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռությունը:
-Ի՞նչ եք մտածում, պարոն սպարապետ:
- Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպես տեսնում եմ, և մի քանի ուրիշներ մոռացել եք Հայոց Պատմությունը, որը մեր կռիվներով չի սկսվել ու մեզնով չի վերջանալու: Ասացեք, ի՞նչ անուն կտայիք Դավիթ Բեկին, եթե մարդկային այս կամ այն տկարությունից մղված՝ նա Սյունյաց աշխարհը հանձնած լիներ թուրք ու թաթար հորդաներին: Մեզնից առաջ այս լեռնաշխարհի վրա կռվող հայը խորապես գիտակցել է, թե Սյունիքը հանձնել թշնամուն՝ կնշանակեր հայ Երկրի բանալիները և հայ ժողովրդի բախտն ընդմիշտ հանձնել իր իսլամ հարևաններին:
***
Հայության հավաքական գոյության օրվա ամենամեծ չարիքը թրքական վտանգն է՝ երկրի մեջ, աստիճանական ապազգայնացումը՝ արտասահմանի մեջ։
Կա Մեծ Չարիքը, որ ճակատ է հարդարել հայության դեմ, և որ մահվամբ կսպառնա մեզ։ Չկա, սակայն, իր ամբողջության մեջ կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ և կարող հայությունը։
Մեր շուրջն ազգերը՝ մեծ թե փոքր, տենդորեն զինվում, պատրաստվում են հավանական վտանգի դեմ՝ առանց հարցնելու՝ ո՞վ է թշնամիս, ո՞ւր է թշնամիս։ Զրահներ է, որ փոխում են նրանք, առանց մի օր իսկ անզեն մնալու։ Իսկ մե՞նք։ Մոտալուտ վտանգի հանդեպ մենք միայն անզոր ճիչեր ենք արձակում․ ճիչը սարսափի ու շվարումի մատնված անզոր զոհի և ոչ թե ահազանգը կռվի պատրաստ ռազմիկի։
Թմբկահարել գալիք վտանգի մասին և ոչինչ չանել ժամանակին այն չեզոքացնելու կամ կասեցնելու և կամ նրա հարվածը մեղմելու համար՝ կմնա ամենահայկականը հայ հատկություններից։
«Վա՜յ այն ժողովրդին, - ասել է Ժոմինին (ֆրանսիացի գեներալ),- որը զինվորական գիտության վրա նայում է որպես մի ավելորդ բեռի և որը չէ ըմբռնում նրա կարևորությունը։ Այսպիսի ժողովուրդը պիտի հարկադրվի ուսումնասիրել այդ գիտությունը, եթե միայն այլևս ուշ չլինի»։
Այո՛, հայությունը ճակատագրորեն պիտի հարկադրվի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին, հենց որ հնչե ինքնապաշտպանության չարաշուք ժամը։
Իմ կարծիքով՝ երեք են այն ուժերը, որ հայությունը պետք է լծի իր ինքնապաշտպանության ու բախտի կառքին՝ հետայսու, որպես ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ռազմարվեստ, ցեղային ինքնաճանաչություն և ցեղային բարոյականություն։
***
Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը։ Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին։ Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը։
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա։
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ ու վայրկյանը հրամայում են մեռնել։
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ՝ հայրենիքիդ և ազգիդ․․․
Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցեև մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս «խաղաղ պայմաններում»։
«Լավ է մեռնել ապրելու, քան ապրել՝ մեռնելու համար»․․․
***
Հաղթելու գաղտնիքը
Մա՛րդն է իր հաղթությունների ու պարտությունների պատճառը։ Եվ հաղթում է նա, ով արդեն հաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդեն հաղթել է ինքն իրեն։
Պարտվում է նա, ով արդեն պարտված է ինքն իրեն, իր վախին, իր բնազդին, իր եսին։
Վա՛խն է իրական թշնամին։
Դա աներևույթ թշնամին է, երրորդ ուժը կռվադաշտում․․․
Գ. Նժդեհ․ «Հիշիր պատերազմը»


