Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է։
Խաղակեսի միջնամասից հանդիպումն անցնում էր «Նոայի» առավելությամբ։ Հաշիվը կարող էր բացել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, բայց նրա հեռահար հարվածից հետո մրցակցի սլովենացի դարպասապահ Վիդ Բելեցը փրկեց իր թիմին։
23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո առաջին լուրջ պահը Նիկոսիայից ժամանած հյուրերը վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ մարոկկացի պաշտպան Իսամ Չեբակը։
Նախքան ընդմիջում հայկական ակումբը կրկին ճնշում էր գործադրում և ավելացված չորրորդ րոպեին Այասի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը (տեսանյութ)։