«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ընդառաջ ավարտել է ուսումնամարզական հավաքը Կատարում:
Հայկական ակումբը հավաքի ընթացքում 7 ընկերական հանդիպում է անցկացրել, տարել երեք հաղթանակ և չորս խաղում գրանցել ոչ-ոքի: «Նոայի» ֆուտբոլիստները 8 գոլ են խփել, բաց են թողել երեքը:
«Նոան» ընկերական խաղերի շրջանակում մրցել է Կատարի Աստղերի լիգան ներկայացնող 5 թիմերի հետ, նաև հանդիպել է Կատարի Երկրորդ լիգայի առաջատար «Ալ Շահանիային» և Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Կատարյան հավաքի ընթացքում հայկական ակումբի կազմը համալրել են բրազիլացի պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսն ու Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն։
Հիշեցնենք, որ «Նոան» Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո 42 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» հետ: Երկու թիմերն էլ առաջատար «Փյունիկին» զիջում են 6 միավոր:
Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն


