Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով փոխել «Փյունիկի» հետ առաջնության 35-րդ տուրի հանդիպման վայրն ու ժամը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, հարգելի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ:
Հաշվի առնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» - «Նոա» խաղի կարևորությունը՝ մեր ակումբը պաշտոնապես առաջարկում է«Փյունիկ» ՖԱ-ին` համատեղ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղի անցկացման վայրը և ժամը տեղափոխելու նպատակով։
Նշենք, որ նշանակված «Ջունիոր սպորտ» մարզադաշտն ունի ընդամենը 1188 նստատեղ, իսկ մարզադաշտի տեխնիկական հնարավորություններով պայմանավորված նշանակված ժամը՝ 17:00-ն, երկրպագուների և հեռուստադիտողների համար ոչ prime-time, ոչ նպատակահարմար ժամ է։
«Նոա» ֆուտբոլային ակումբն առաջարկում է վճռորոշ խաղն անցկացնել ավելի շատ երկրպագուներ հյուրընկալելու հնարավորություն ունեցող մարզադաշտում: Առաջարկում ենք, որ հյուրընկալ թիմն ինքն ընտրի համապատասխան մարզադաշտը:
Լիահույս ենք, որ գործընկեր ակումբը կընդունի մեր առաջարկը՝ ֆուտբոլային իրական տոն պարգևելով բազմաթիվ ֆուտբոլասերների, որոնք ցանկանում են մարզադաշտից հետևել ՀՊԼ կարևորագույն խաղերից մեկին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: Նախավերջին տուրում՝ մայիսի 21-ին, «Նոան» կհյուրընկալվի «Փյունիկին»: