Այսօր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» հետ ժամը 20:00-ին սկսվող հանդիպումով «Նոան» նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Ի դեպ, այդ հանդիպումը կլինի հայկական ակումբների հոբելյանական՝ 350-րդ խաղը Եվրագավաթներում: Հայաստանի ներկայացուցիչները 83 հաղթանակ են տարել, 63 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 203-ում հաջողությունն ուղեկցել է մրցակիցներին: Հայկական թիմերը 312 գոլ են խփել, սեփական դարպասը 627 գնդակ են ընդունել:
Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը 4-րդ անգամ է մասնակցելու Եվրագավաթների մրցաշարերին: «Նոայի» համար առայժմ ամենահաջողը Եվրագավաթների նախորդ խաղարկությունն էր, որում թիմը Ռուի Մոտայի գլխավորությամբ Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում հաջողությամբ հաղթահարելով հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» (2-0, 2-1), Մալթայի «Սլիմա Ուոնդերերսի» (7-0, 0-0), հունական ԱԵԿ-ի (3-1, 0-1) և Սլովակիայի «Ռուժոմբերոկի» (3-0, 1-3) արգելքները, հիմնական փուլի ուղեգիր նվաճեց: Ընդ որում Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից պայքարը սկսած 52 թիմերից միակն էր, որ հանդես եկավ հիմնական փուլում:
«Նոան» հիմնական փուլում մեկնարկեց Չեխիայի «Մլադա Բոլեսլավ» թիմի նկատմամբ սեփական դաշտում 2-0 հաշվով տարած հաղթանակով, որին հետևեցին ավստրիական «Ռապիդից» (0-1) և անգլիական «Չելսիից» (0-8) կրած արտագնա պարտությունները: Իսլանդական «Վիկինգուրի» (0-0), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (1-3) և սերբական «Բաչկա Տոպոլայի» (3-4) հետ անցկացրած հաջորդ հանդիպումներում «Նոան» ընդամենը մեկ միավոր վաստակեց՝ ավարտելով ելույթները Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում:
Ընդհանուր առմամբ Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում «Նոան» անցկացրած 14 հանդիպումներից 6-ում հաղթեց, նույնքան անգամ պարտվեց, 2-ում գրանցվեց ոչ-ոքի, խփեց 24 գոլ, բաց թողեց 22 գնդակ: Գոնսալու Գրեգորիուն և Մաթեուս Այասը 6-ական գոլով դարձան Եվրագավաթներում թիմի լավագույն ռմբարկուները՝ հավասարվելով Արտակ Դաշյանին և Լուկա Յուրիչիչին: Գոնսալու Գրեգորիուն, Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (14) թիմի ռեկորդակիրներն են:
Առաջինը «Փյունիկն» էր
«Նոան» կդառնա Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 10-րդ ակումբը: Առավել հաճախ՝ 14 անգամ այդ հեղինակավոր մրցաշարին մասնակցել է «Փյունիկը», որն անցկացրած 42 հանդիպումներից 9-ում հաղթել է, 10-ն ավարտել է ոչ-ոքի, 23-ում պարտվել է, խփել է 36 գոլ, բաց է թողել 69 գնդակ:
Հայկական ակումբներից հենց «Փյունիկն» է առաջինը նորամուտը նշել Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Հարկ է նշել, որ 1990-ականների սկզբներին գործող մրցակարգի համաձայն ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ցածր վարկանիշ ունեցող երկրների չեմպիոնները մասնակցում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգայի) խաղարկությանը: Դա էր պատճառը, որ միայն 1997/98թթ. մրցաշրջանում կայացավ «Փյունիկի» նորամուտը Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
Հունգարական ՄՏԿ-ի հետ 1997թ. հուլիսի 23-ին Երևանում կայացած խաղում փյունիկցիները 0-2 հաշվով պարտվեցին: Մեկ շաբաթ անց հյուրընկալվելիս Հայաստանի չեմպիոնը կրկին պարտություն կրեց (3-4) ու դուրս մնաց հետագա պայքարից: Ընդ որում փյունիկցիները 3 գոլերը խփեցին խաղի վերջին 10 րոպեներին, երբ հաշիվն արդեն 4-0 էր: Չեմպիոնների լիգայի մրցաշարում խփած առաջին գոլի հեղինակը դուբլ գրանցած Արմեն Սանամյանն էր, մեկ գոլ էլ խփեց Արմեն Շահգելդյանը:
«Փյունիկը» հայկական թիմերից առավել հաջող է հանդես եկել Չեմպիոնների լիգայի մրցաշարում: 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Փյունիկը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց՝ հաղթահարելով ռումինական «Կլուժի» (0-0, 2-2, 4-3՝ 11մ) և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» (0-1, 4-1) արգելքը:
Հայ-չեռնոգորական ֆուտբոլային 7-րդ դիմակայությունը
Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստը» Եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ է հանդիպելու հայկական թիմի հետ: Մինչև այդ Չեռնոգորիայի 5 ակումբներ մրցել են հայկական թիմերի հետ:
Եվրագավաթների մրցաշարերում հայ-չեռնոգորական ֆուտբոլային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2012/13թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում: «Փյունիկը» «Զետայի» հետ տնային խաղում 3 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը, իսկ հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով ու դուրս էր մնացել մրցաշարից: Իսկ ահա «Շիրակը» նույն մրցաշարում հաղթահարել էր չեռնոգորական մեկ այլ թիմի՝ «Ռուդարի» արգելքը (1-0, 1-1), որին հաղթել էր արտագնա խաղում:
Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում «Ռուդարը» շիրակցիներից կրած պարտության դիմաց ռևանշի էր հասել «Միկայի» նկատմամբ՝ 1-0, 1-1: 2017/18թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապանը» երկու խաղերում էլ պարտվել էր «Մլադոստին» (0-1, 0-3):
Իսկ ահա հայ-չեռնոգորական ֆուտբոլային հաջորդ երկու դիմակայություններում առավելությունը հայկական թիմի կողմն էր: 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտը» պայքարից դուրս էր թողել «Սուտյեսկային» (1-0, 0-0), իսկ 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում առավելության էր հասել «Արսենալ Տիվատի» նկատմամբ (1-1, 6-1):
Եվրագավաթներում հայ-չեռնոգորական ֆուտբոլային դիմակայությունում բացարձակ հավասարություն է: Կայացած 12 հանդիպումներում հայկական և չեռնոգորական ակումբները 4-ական հաղթանակ են տարել, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի, մրցակիցները 13-ական գոլ են խփել: Հուսանք, որ «Նոայի» շնորհիվ դիմակայության ընդհանուր վիճակագրությունը դրական կդառնա Հայաստանի ներկայացուցիչների համար: