«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում առաջին պարտությունը կրեց՝ 3-րդ տուրում սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով չեխական «Սիգմային»: 3-րդ տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 4 միավորով 17-րդ տեղում է:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 11-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 3-րդ պարտությունը: Հայաստանի չեմպիոնը 4 հաղթանակ է տարել, նույնքան խաղում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 18 գոլ, բաց է թողել 15 գնդակ:
2. Ընդհատվեց եվրագավաթների մրցաշարերում «Նոայի» անպարտելի 6 խաղերի ռեկորդային շարքը (3-ական հաղթանակ և ոչ-ոքի, «Լինկոլն Ռեդ Իմպս» Ջիբրալթար` 1-1, 0-0, «Օլիմպիա» Սլովենիա` 4-1, 3-2, «Ռիեկա» Խորվաթիա՝ 1-0, «Ունիվերսիտատեա Կրայովա» Ռումինիա՝ 1-1):
Նախորդ պարտությունը եվրագավաթներում «Նոան» կրել էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշից»՝ 3-4:

3. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոան» ավելի հաջող է սկսել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլը՝ 3 խաղում վաստակելով 4 միավոր: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Նոան» մեկնարկային խաղում սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը, իսկ հաջորդ երկու խաղերում հյուրընկալվելիս պարտվել էր ավստրիական «Ռապիդին» (0-1) և անգլիական «Չելսիին» (0-8):
4. Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ընդհանուր առմամբ անցկացրած 9 խաղում «Նոան» 2 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն, խփել է 9 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 19 գնդակ:
5. Եվրագավաթների մրցաշարերում «Նոան» 28-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 11-րդ պարտությունը: Հայաստանի չեմպիոնը 11 հաղթանակ է տարել, 6 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 44 գոլ, բաց է թողել 46 գնդակ:

6. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում 2-րդ անգամ մրցեց չեխական թիմի հետ: Նախորդ մրցաշրջանում «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Մլադա Բոլեսլավին»:
Իսկ «Սիգման» 2-րդ անգամ մրցեց Հայաստանի ներկայացուցչի հետ: 2000թ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում «Սիգման» պայքարից դուրս էր թողել Արարատի «Արաքսին» (2-1, 1-0):
7. Եվրագավաթների մրցաշարերում ընդհանուր առմամբ հայկական 6 թիմերը մրցել են չեխական 7 ակումբների հետ: Միայն «Փյունիկին» է հաջողվել երկխաղյա դիմակայությունում հաղթահարել մրցակցի արգելքը: 2019/20թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում փյունիկցիներն առավելության են հասել «Յաբլոնեցի» նկատմամբ՝ 2-1, 0-0:
Չեխական թիմերի հետ անցկացրած 14 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչներն ընդամենը 3 հաղթանակ են տարել, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 10 պարտություն, խփել են 13 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 31 գնդակ:
8. Նարդին Մուլահուսեյնովիչը 3-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ: Եվրագավաթներում նա իր գոլերի հաշիվը բացել էր խորվաթական «Ռիեկայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղում, ապա գրավել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դարպասը: Մուլահուսեյնովիչը 3 գնդակով Մաթեուս Այասի հետ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն է:

9. Նարդին Մուլահուսեյնովիչը կրկնեց նաև Մաթեուս Այասի մեկ այլ ռեկորդային ցուցանիշ: Վերջինիս ևս հաջողվել էր եվրագավաթների մրցաշարերում 3 խաղ անընդմեջ գոլ խփել: Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում Այասը փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ մեկական գոլ էր խփել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» դարպասը, իսկ Լիգայի փուլի մեկնարկային տուրում աչքի էր ընկել չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղում:
10. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթներում հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրեցին: Այդ ցուցանիշով նրանք «Նոայի» ռեկորդակիրներն են: Իմրան Ուլադ Օմարի համար էլ «Սիգմայի» հետ խաղը 20-րդն էր եվրագավաթներում «Նոայի» կազմում:


