Logo

«Նոայի» հոբելյանական հաղթանակն ու Մուլահուսեյնովիչի առաջին գոլը. «Նոա» - «Ռիեկա» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:59 / 03.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ տնային խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Նոան» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլը հաղթանակով սկսեց: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի գործող չեմպիոնը մեկնարկային խաղում սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը:

2. Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում անցկացրած 7 խաղում «Նոան» 2 հաղթանակ է տոնել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 4 պարտություն, խփել է 7 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 16 գնդակ:

«Նոան», «Ալաշկերտն» ու «Փյունիկը» միասին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում անցկացրած 19 խաղում 4 հաղթանակ են տոնել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 13 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 19-40 է:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 4-րդ հաղթանակը տարավ: 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 2-ում Հայաստանի չեմպիոնը պարտվել է, խփել է 16 գոլ, բաց է թողել 12 գնդակ: Վերջին 5 խաղերում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Երկու ցուցանիշներն էլ նախորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայում գրանցված լավագույն արդյունքի կրկնությունն են:

4. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում «Նոան» հոբելյանական՝ 10-րդ հաղթանակը տարավ: Մնացած խաղերից 2-ում Հայաստանի չեմպիոնը ոչ-ոքի է գրանցել, 7-ում պարտվել է: «Նոան» 33 գոլ է խփել, սեփական դարպասը 30 գնդակ է ընդունել:

5. «Նոայի» հաղթանակը 90-րդն էր հայկական թիմերի համար եվրագավաթներում անցկացրած 368 հանդիպումներում: 67 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 211-ում հայկական ակումբները պարտվել են: Հայաստանի ներկայացուցիչները 341 գոլ են խփել, բաց են թողել 657 գնդակ:

6. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց խորվաթական ակումբի հետ: «Ռիեկան» էլ նախկինում չէր մրցել հայկական թիմի հետ: «Նոայի» հաղթանակն առաջինն էր հայկական թիմերի համար խորվաթական ակումբների հետ անցկացված 5 հանդիպումներում:

2009/10թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Փյունիկը» երկու խաղերի ընդհանուր արդյունքում զիջել էր Զագրեբի «Դինամոյին» (0-0, 0-3), իսկ «Միկան» 2014/15թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում պարտվել էր «ՌՆԿ Սպլիտին» (0-2, 1-1):

7. Ռուի Մոտայից հետո Սանդրո Պերկովիչը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում նորամուտը հաղթանակով նշած 2-րդ մարզիչը: Հիշեցնենք, որ Սանդրո Պերկովիչը եվրագավաթներում հայկական ակումբում նորամուտը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգրի նվաճմամբ նշած 3-րդ մարզիչն է:

2021/22թթ. մրցաշրջանում «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նման հաջողության էր հասել Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կրկնել էր Ռուի Մոտան «Նոայում»:

8. Նարդին Մուլահուսեյնովիչը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դառնալով «Նոայում» գոլ խփած 15-րդ ֆուտբոլիստը: Նա ընդգրկվեց եվրագավաթներում «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ մրցակցի դարպասը գրավելով 27 տարեկան 235 օրականում:

9. Տիմոտի Ֆայուլուն նորամուտը նշեց եվրագավաթներում՝ դարպասը պահելով անառիկ: Նատանաել Սանտինին էլ «Նոայում» առաջին խաղն անցկացրեց եվրագավաթներում:

10. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթների մրցաշարերում 23-րդ խաղն անցկացրին: Այդ ցուցանիշով նրանք թիմի ռեկորդակիրներն են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ