Առաջնության 6-րդ տուրի հանդիպումներից հետո կրկին փոխվեց առաջատարը: 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, «Ալաշկերտը» 12 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, հյուրերին հաջողությունն ուղեկցեց 2 անգամ: Առաջնությունում անցկացված 26 հանդիպումներում դաշտի տերերը 10 հաղթանակ են տարել, 7 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 9 անգամ հաջողության են հասել հյուրերը:
6-րդ տուրն ամենաարդյունավետն էր: 5 հանդիպումներում խփվեց 20 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4 գոլ): Առաջնության 26 հանդիպումներում 63 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,42 գոլ):
2. «Նոան» ընթացիկ առաջնությունում սեփական դաշտում անցկացրած 3-րդ խաղում էլ հաղթեց: Նախորդ առաջնությունում «Նոան» Հայաստանի առաջնությունների ռեկորդ էր սահմանել՝ հաղթելով տնային բոլոր 15 խաղերում էլ:

Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած տնային վերջին 22 խաղերում էլ «Նոան» հաղթել է մրցակիցներին: Վերջին անգամ «Փյունիկին» է հաջողվել հյուրընկալվելիս չպարտվել «Նոային»՝ անցյալ տարվա մարտի 31-ին կայացած խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:
3. ԲԿՄԱ-ն Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումն անցկացրեց՝ կրելով ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը: Իսկ «Գանձասարն» ու «Շիրակը» վերջապես վայելեցին հաղթանակի բերկրանքը:
4. «Արարատ-Արմենիան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հայաստանի գործող սուպերգավաթակիրը միակն է, որ առաջնությունում դեռևս պարտություն չի կրել:

5. Մարին Յակոլիշը բացեց գոլերի հաշիվը նաև Fastex Պրեմիեր լիգայում՝ դառնալով Հայաստանի առաջնություններում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 600-րդ գոլի հեղինակը:
6. Պատվական Ավետիսյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում՝ ընդգրկվելով «Գանձասարում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Նա «Վանի» դարպասը գրավեց 24 տարեկան 19 օրականում:
7. Վարդան Թովմասյանը «Շիրակի» կազմում նորամուտը գոլով նշեց: Արարատցի Պատրիկ Հանձոնգոն և «Արարատ-Արմենիայի» խաղացող Խուան Բալանտան առաջին գոլը խփեցին Fastex Պրեմիեր լիգայում, Գևորգ Տարախչյանն էլ բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում»:

8. «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի Աբուդուն 2-րդ խաղն անընդմեջ հետ մղեց 11մ հարվածը, սակայն կրկին մրցակցի ֆուտբոլիստը երկրորդ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Նախորդ խաղում դա հաջողվել էր «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արայիկ Էլոյանին, 6-րդ տուրում հաջողությունն ուղեկցել էր շիրակցի Լյովա Մրյանին:
9. Կայո Էնրիկե Պերեյրան բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նա դարձավ Հայաստանի առաջնություններում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ 2-րդ լեգեոնականը՝ ԲԿՄԱ-ի դարպաը գրավելով 20 տարեկան 244 օրականում: Ցանկը գլխավորում է թիմից վերջերս հեռացած Ջուլիեն Բատիոնոն, որը «Փյունիկի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 19 տարեկան 296 օրականում:

10. Տուրում գրանցվեց երկու ինքնագոլ: Սեփական դարպասը գրավեցին փյունիկցի Դանիել Աղբալյանը և «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը: Ընթացիկ առաջնությունում նման ճակատագրի էին արժանացել նաև ալաշկերտցի Ջուլիեն Բատիոնոն և արարատցի Մոհամեդ Ֆոֆանան:


