Հուլիսի 11-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումով հայկական ակումբները կսկսեն ելույթները ֆուտբոլի եվրագավաթների 2023/24թթ. խաղարկությունում: Երկու օր անց մրցասպարեզ դուրս կգան «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»՝ անցկացնելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները:
Առաջին փուլի հաղթահարումն «Ուրարտուին» լավ հեռանկարներ կընձեռի
«Ուրարտուն» մեկամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս կգա՝ 15-րդ անգամ մեկնարկելով եվրագավաթների մրցաշարերում: Բոսնիական «Զրինսկու» հետ «Ուրարտու-1» մարզադաշտում հուլիսի 11-ին կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 19:00-ին:

Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը եվրագավաթներում նորամուտը նշել է 2003/04թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Այն ժամանակ «Ուրարտուն» կրում էր «Բանանց» անվանումը:
2003թ. օգոստոսի 14-ին Թել Ավիվում «Հապոելի» հետ կայացած խաղում «Բանանցը» Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ Արշակ Ամիրյանի խփած գոլի շնորհիվ հասավ պատվաբեր ոչ-ոքի (1-1) արդյունքի: Երկու շաբաթ անց Երևանում կայացած պատասխան խաղում կրկին աչքի ընկավ Ամիրյանը, սակայն իսրայելական ակումբը 2 գոլ խփեց և վճռեց դիմակայության ելքը:
Վերջին անգամ «Ուրարտուն» եվրագավաթներում խաղացել է 2021/22թթ. խաղարկությունում: Նոր անվանումով թիմի առաջին ելույթը եվրագավաթներում անհաջող էր: «Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ անհաջողության մատնվեց սլովենական «Մարիբորի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությունում՝ երկու հանդիպումներում էլ մրցակցին զիջելով նվազագույն հաշվով:
Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստներից ներկայումս «Ուրարտուի» կազմում են Նանա Կվամե Անտվին, Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանը, Ուգոչուկվու Իվուն, Նարեկ Գրիգորյանը, Կարեն Մելքոնյանն ու Օլեգ Պոլյակովը:

«Ուրարտուն» 2-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում առայժմ միակ ելույթն ունեցել է 2014/15 թթ. խաղարկությունում: 2013/14թթ. Հայաստանի առաջնությունում «Բանանցը» սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և իրավունք էր ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի մրցաշարին, որում մրցակիցն Անդորրայի «Սանտա Կոլոման» էր:
2014թ. հուլիսի 1-ին հյուրընկալվելիս «Բանանցը» նվազագույն հաշվով անսպասելի պարտություն կրեց: Մեկ շաբաթ անց Երևանում կայացած պատասխան հանդիպումը դրամատիկ ելք ունեցավ: 20-րդ րոպեին Իլդեֆոնս Լիման բացեց հաշիվը: 9 րոպե անց Ռումյան Հովսեփյանը վերականգնեց հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում նախ փոխարինման մտած Գարեգին Մաշումյանն առաջ մղեց «Բանանցին», ապա Ռումյան Հովսեփյանը հստակ իրացնելով 11մ հարվածը, հաշիվը դարձրեց 3-1:
Թվում էր, թե դաշտի տերերը կզարգացնեն հաջողությունն ու կվճռեն մրցակցության ելքը: Սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին գրոհին միացած հյուրերի դարպասապահ Էլոյ Կասալսը գրավեց Արթուր Թորոյանի պաշտպանած դարպասը՝ իր թիմին հաջորդ փուլի ուղեգիր պարգևելով:
Բոսնիայի «Զրինսկին» միակն է, որ նախկինում եվրագավաթներում մրցել է հայկական ակումբի հետ: Դա տեղի է ունեցել 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում: 2015թ. հուլիսի 2-ին Գյումրիում Ժան Ժակ Բուգուհիի դուբլի շնորհիվ «Շիրակը» 2-0 հաշվով հաղթեց: Մեկ շաբաթ անց հյուրընկալվելիս շիրակցիները պարտվեցին 1-2 հաշվով:
«Շիրակին» հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Բուգուհիի խփած գոլը:
Իսկ «Ուրարտուն» եվրագավաթներում 3-րդ անգամ է մրցելու բոսնիական թիմի հետ: 2009/10թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկխաղյա դիմակայությունում զիջել էր «Շիրոկի Բրիեգին» (0-2, 1-0), իսկ 2018/19թթ. նույն մրցաշարի խաղարկությունում պարտվել էր «Սարաևոյին» (1-2, 0-3):
Կոնֆերենցիաների լիգայի հիմնումով Չեմպիոնների լիգայի մրցաշարում ելույթ ունեցող թիմերին հնարավորություն է ընձեռվել երկարացնելու եվրագավաթներում իրենց մասնակցության ժամկետը: Այդ առումով «Ուրարտուի» համար շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելը:
Այդ դեպքում Հայաստանի չեմպիոնը նույնիսկ հետագայում անհաջող ելույթների դեպքում նվազագույնը ևս 6 խաղ կանցկացնի (2-ական՝ Չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում)՝ մտնելով Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ ու նաև զգալիորեն կբարելավի ակումբի ֆինանսական վիճակը: Իսկ եթե «Ուրարտուին» հաջողվի հաղթահարել նաև Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը, ապա նվազագույնը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Զրինսկու» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում «Ուրարտուի» մրցակիցը լինելու է «Սլովան» (Սլովակիա) – «Սվիֆտ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը: Իսկ անհաջողության դեպքում «Ուրարտուն» ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ մրցելով ռումինական «Ֆարուլի» և մոլդովական «Շերիֆի» մրցավեճում պարտված թիմի հետ:
«Փյունիկը» հայկական ակումբների համար նոր նշաձող սահմանեց
«Փյունիկը» 22-րդ անգամ կմասնակցի եվրագավաթների մրցաշարերին, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների համար: Փյունիկցիներին 12 անգամ հաջողվել է հաղթահարել մրցակցի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, ինչը ևս լավագույն ցուցանիշն է հայկական ակումբների մեջ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում «Փյունիկը» հուլիսի 13-ին Աբովյանում կհյուրընկալի Էստոնիայի «Նարվա Տրանսին»: Խաղը կսկսվի ժամը 19:00-ին:
Եվրագավաթային նախորդ մրցաշրջանն առայժմ ամենահաջողվածն է «Փյունիկի» համար: Նախ «Փյունիկը» դարձավ հայկական միակ ակումբը, որին հաջողվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճել, ապա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում հայկական թիմերից առաջինը ճաշակեց հաղթանակի քաղցրությունը՝ սեփական դաշտում միևնույն 2-0 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի «Սլովանի» և լիտվական «Ժալգիրիսի» նկատմամբ:

«Նարվա Տրանսն» էստոնական երկրորդ ակումբն է, որին եվրագավաթներում վիճակահանությամբ բաժին է հասել հայկական թիմ: Նախորդ խաղարկությունում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում էստոնական «Պայդեն» էր մրցել «Արարատ-Արմենիայի» հետ: Երկու հանդիպումներում էլ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր «Պայդեն»:
Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» հաջորդ փուլում կմրցի շվեդական «Կալմարի» հետ:
Հայ-ալբանական առաջին դիմակայությունը
«Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու եվրագավաթների մրցաշարերում: Հայաստանի կրկնակի չեմպիոնը հուլիսի 13-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ժամը 19:00-ին կհյուրընկալի ալբանական «Էգնատիային»: Դա կլինի եվրագավաթներում հայկական և ալբանական ակումբների առաջին դիմակայությունը: Մինչև օրս հայկական ակումբները եվրագավաթներում մրցել են 43 երկրների ներկայացուցիչների հետ:
Հաջողության դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի կրկնակի չեմպիոնը կմրցի հունական «Արիսի» հետ:
Եվրագավաթների առաջին երկու խաղարկությունները շատ հաջող էին «Արարատ-Արմենիայի» համար, որը Վարդան Մինասյանի գլխավորությամբ պայքարը սկսելով Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլից, հասել էր մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ:
2019/20թթ. խաղարկությունում «Արարատ-Արմենիան» փլեյ-օֆֆում պարտվել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (2-1, 1-2, 4-5՝ 11մ), իսկ հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրը զիջել էր սերբական «Ցրվենա Զվեզդային» (1-2):

Իսկ ահա նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Վարդան Բիչախչյանի օրոք ելույթները սկսելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից, չկարողացավ հաղթահարել էստոնական «Պայդեի» արգելքը՝ երկու հանդիպումներն էլ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի և մրցակցին զիջելով հետխաղյա 11մ հարվածաշարում (3-5):
Կկրկնի՞ «Ալաշկերտն» իր նվաճումը
Հուլիսի 13-ին «Ուրարտու-1» մարզադաշտում կայանալիք մրցախաղով «Ալաշկերտը» կսկսի իր մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում: Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» հետ հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Հաջողության դեպքում հաջորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ:
«Ալաշկերտը» եվրագավաթներում 2-րդ անգամ է մրցելու Չեռնոգորիայի ներկայացուցչի հետ: Առաջին դիմակայությունը հաջող էր ալաշկերտցիների համար, որոնք 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում հաղթահարել էին «Սուտյեսկայի» արգելքը (1-0, 0-0):
Ավելի վաղ՝ 2012/13թթ. Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Շիրակն» էր հաջող խաղացել «Ռուդարի» հետ (1-0, 1-1), որը հաջորդ խաղարկությունում վրեժխնդիր էր եղել «Միկայից» (1-0, 1-1): Իսկ ահա «Փյունիկը» 2012/13թթ. Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում զիջել էր «Զետային» (0-3, 2-1), իսկ 2017/18թթ. խաղարկությունում «Գանձասար-Կապանն» էր անհաջողության մատնվել Չեռնոգորիայի «Մլադոստի» հետ դիմակայությունում (0-1, 0-3):
«Ալաշկերտը» 9-րդ տարին անընդմեջ ելույթ կունենա եվրագավաթներում: Առաջին 5 խաղարկություններում ալաշկերտցիներին հաջողվել էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ընդ որում 2018/19թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անհաջողության մատնվելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, հաղթահարել էր Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը:
Եվ միայն եվրագավաթների 2020/21թթ. խաղարկությունում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ մրցեցին միմյանց հետ, «Ալաշկերտին» չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով մակեդոնական «Ռենովային»:
Նախորդ մրցաշրջանում էլ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում շատերի համար անսպասելի զիջեց Մալթայի «Համրուն Սպարտանսին»: Առաջին խաղում սեփական դաշտում «Ալաշկերտը» հաղթեց Արտակ Եդիգարյանի խփած միակ գոլի շնորհիվ: Պատասխան խաղի 48-րդ րոպեին կրկին Եդիգարյանը բացեց հաշիվը: Թվում էր, թե դիմակայության ելքը վճռված է, սակայն մինչև խաղավարտ «Համրուն Սպարտանսը» 4 անգամ գրավեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

Իսկ ահա եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» դարձավ հայկական առաջին ակումբը, որին հաջողվեց խմբային փուլի ուղեգիր նվաճել: Ելույթները սկսելով Չեմպիոնների լիգայից, «Ալաշկերտը» որակավորման 1-ին փուլում հաղթահարեց Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը (2-2, 1-0):
2-րդ փուլում զիջելով մոլդովական «Շերիֆին» (0-1, 1-3), ալաշկերտցիները պայքարը շարունակեցին Եվրոպա լիգայի 3-րդ փուլում, որտեղ առավելության հասան ղազախական «Կայրաթի» նկատմամբ (0-0, 3-2): Այդ մրցաշարի փլեյ-օֆֆում զիջելով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին» (0-1, 0-0), «Ալաշկերտը» նոր մրցակարգի համաձայն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց:
Ցավոք, խմբային փուլում ալաշկերտցիները շատ անհաջող հանդես եկան՝ Թել-Ավիվի «Մաքաբիի» (1-4, 1-1), ֆիննական ՀԻԿ-ի (2-4, 0-1) և ավստրիական ԼԱՍԿ-ի (0-3, 0-2) հետ խաղերում վաստակած ընդամենը մեկ միավորով եզրափակելով խմբի մրցաշարային աղյուսակը:
Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր
Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 29-ամյա պատմության մեջ հայկական ակումբների համար ամենահաջողը նախորդ երկու մրցաշրջաններն էին: 2021/22թթ. խաղարկությունում առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Ալաշկերտը» եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր նվաճեց՝ խաղալով Կոնֆերենցիաների լիգայում: Նախորդ մրցաշրջանում էլ «Ալաշկերտի» նվաճումը կրկնեց «Փյունիկը»՝ ավելի հաջող ելույթներ ունենալով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Վաստակած միավորների քանակով լավագույնը եվրագավաթների 2019/20թթ. խաղարկությունն էր, որում հայկական 4 ակումբները միասին անցկացրած 20 հանդիպումներում 32 միավոր էին վաստակել՝ տոնելով առավելագույն հաղթանակներ (10), 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 8 պարտություն, խփելով ռեկորդային թվով գոլեր (29), բաց թողելով 37 գոլ:
Բոլորից արդյունավետ գործեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը 4 գնդակով կրկնեց եվրագավաթների մեկ խաղարկությունում «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանի 2005թ. գրանցած ռեկորդային ցուցանիշը: Եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում էլ նման արդյունք ցույց տվեց ալաշկերտցի Ժոզե Էմբալուն:
Արդյունավետության ռեկորդը կարող է վերջապես գերազանցվել
Թեև առանձին հաջողություններին, եվրագավաթներում հայկական ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը դեռ բավական տխուր է: Անցկացրած 301 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 62 հաղթանակ, 55 խաղ ավարտել են ոչ-ոքի, 184-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 235 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 556 գնդակ:
Հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը ֆիննական ԿուՊՍ-ի ֆուտբոլիստ Անտոն Պոպովիչն էր, որը Կոնֆերենցիաների լիգայի 2021/22թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Նոայի» հետ մրցավեճում գրավել էր սեփական դարպասը:
Քանի որ եվրագավաթներում հայկական ակումբների ընդհանուր արդյունավետությունը բարձր չէ, ուստի ցածր են նաև ռմբարկուների ցուցանիշները: Մինչև եվրագավաթների 2020/21թթ. խաղարկության մեկնարկը բոլորից արդյունավետ էր գործել նախկին շիրակցի Արարատ Հարությունյանը` խփելով ընդամենը 5 գոլ: Նրա արդյունքը կրկնելու համար 18 տարի պահանջվեց: 3 անգամ գրավելով մրցակիցների դարպասը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման իր գոլերի քանակը հասցրեց 5-ի՝ հավասարվելով Հարությունյանին:

Մաիլսոն Լիման նախորդ մրցաշրջանում լավ հնարավորություն ուներ դառնալու եվրագավաթներում հայկական թիմերի լավագույն ռմբարկուն, սակայն էստոնական «Պայդեի» հետ մրցավեճում ոչ միայն նա, այլև նրա թիմակիցները չգտան մրցակցի դարպասի բանալին: Ինչպես հայտնի է, Լիման հեռացել է «Արարատ-Արմենիայից»:
Եվրագավաթների նոր խաղարկությանը մասնակցող մեր 4 թիմերի ֆուտբոլիստներից լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանանալու լավ հնարավորություններ ունեն 4-ական գոլ խփած փյունիկցի Արտակ Դաշյանն ու ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը: Իսկ գլխավոր թեկնածուները «Փյունիկի» ռմբարկուներ Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչն են, որոնք 3-ական գոլի հեղինակ են դարձել: Իհարկե, չի բացառվում, որ բոլորովին մեկ այլ ֆուտբոլիստ աչքի ընկնի իր արդյունավետությամբ, ինչը ևս շատ հաճելի կլինի:

Եվրագավաթներում խփած 235 գոլերի հեղինակներ են դարձել մեր թիմերի 141 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակից թիմերի 3 խաղացողներ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Արտակ Գրիգորյանը կբարելավի իր ռեկորդային ցուցանիշը
Եթե Արարատ Հարությունյանի և Մաիլսոն Լիմայի արդյունավետության ռեկորդը վտանգված է, ապա եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (44) Արտակ Գրիգորյանի ռեկորդային ցուցանիշին ոչինչ չի սպառնում: «Փյունիկ» տեղափոխված Գրիգորյանի մոտակա հետապնդողներն ալաշկերտցիներ Տարոն Ոսկանյանն (38 խաղ) ու Արտակ Եդիգարյանն են (36 խաղ), ինչպես նաև նրա նոր թիմակից Արտակ Դաշյանը (33 խաղ):
Այնպես որ Արտակը կարող է այդ առումով հանգիստ լինել ու բարելավել ռեկորդային իր ցուցանիշը: «Փյունիկում» մեծ մրցակցության պայմաններում իր տեղը հիմնական կազմում ապահովելու և Կոնֆերենցիաների լիգայում փյունիկցիների հաջող ելույթների դեպքում 36-ամյա Գրիգորյանը կարող է դառնալ եվրագավաթներում 50 խաղ անցկացրած հայկական թիմերի առաջին ֆուտբոլիստը:

«Ալաշկերտի» նախկին ավագին եվրագավաթների 2020/21թթ. խաղարկությունում վերջապես հաջողվել էր զգալիորեն գերազանցել Աղվան Մկրտչյանի ռեկորդը, որը մինչև այդ եվրագավաթներում 32 խաղի էր մասնակցել:
Աբրահամ Խաշմանյանի ռեկորդները վտանգված են
Քանի որ խոսք գնաց ռեկորդներից, նշենք ևս մի քանիսը, որոնք կարող են բարելավվել եվրագավաթների 2023/24թթ. խաղարկությունում:
Ուշադրության կենտրոնում առաջին հերթին կլինեն «Արարատ-Արմենիայի» ղեկը կրկին ստանձնած Վարդան Մինասյանն ու «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որոնք հնարավորություն ունեն գերազանցելու Աբրահամ Խաշմանյանին պատկանող ռեկորդները: Խաշմանյանի սաները եվրագավաթներում տոնել են բոլորից շատ հաղթանակ (7) և վաստակել են առավելագույն քանակի միավորներ (25):
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում ընդհանուր առմամբ անցկացրած 20 հանդիպումներում 6 հաղթանակ են տոնել, վաստակել են 20 միավոր:
Եղիշե Մելիքյանի օրոք «Ալաշկերտն» ու «Փյունիկը» եվրագավաթներում ընդհանուր առմամբ անցկացրած 15 հանդիպումներում 3 հաղթանակ են տոնել, վաստակել են 13 միավոր:

Իրենց գլխավորած թիմերի հաջող ելույթների դեպքում Մինասյանն ու Մելիքյանը կարող են գերազանցել նաև Վարդան Բիչախչյանի ռեկորդային ցուցանիշը, որի գլխավորած ակումբները եվրագավաթներում ընդհանուր առմամբ առավել շատ՝ 26 խաղ են անցկացրել:
Նշենք մարզչական ևս մեկ նվաճման մասին, որը գերազանցելը մեծ ջանքեր կպահանջեն: Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին, Վարդան Մինասյանին, Դավիդ Կամպանյային, Ալեքսանդր Գրիգորյանին և Եղիշե Մելիքյանին մեկական անգամ հաջողվել է իրենց սաների հետ եվրագավաթների մեկ խաղարկությունում միանգամից երկու փուլի արգելք հաղթահարել:
Ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչն էլ կարող է դառնալ եվրագավաթներում հայկական ակումբների կազմում բոլորից շատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Դիդիե Բորիս Կադիոյի ռեկորդային ցուցանիշը (27 խաղ): Սերբ դարպասապահն առայժմ եվրագավաթներում 23 անգամ է պաշտպանել «Ալաշկերտի» դարպասը:

Նախորդ խաղարկությունում նա դարձել էր եվրագավաթներում բոլորից շատ խաղ անցկացրած դարպասապահը՝ գերազանցելով Գևորգ Կասպարովի ցուցանիշը, որը մասնակցել էր 21 հանդիպման:
VNews-ը ներկայացնում է հայկական ակումբների ցուցանիշները եվրագավաթների մրցաշարերում:
|
Թ Թիմեր |
Խ |
Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
% |
|
1. «Փյունիկ» |
74 |
20 |
16 |
38 |
71-126 |
76 |
34,2 |
|
2. « «Ալաշկերտ» |
39 |
11 |
9 |
19 |
35-62 |
42 |
35,8 |
|
3. « «Շիրակ» |
39 |
6 |
9 |
24 |
27-68 |
27 |
23 |
|
4. « «Արարատ- Արմենիա» |
14 |
7 |
2 |
5 |
19-16 |
23 |
54,7 |
|
5. « «Արարատ» |
28 |
5 |
5 |
18 |
25-54 |
20 |
23,8 |
|
6. « «Միկա» |
26 |
3 |
8 |
15 |
14-39 |
17 |
21,7 |
|
7. « «Ուրարտու» |
30 |
4 |
3 |
23 |
18-66 |
15 |
16,6 |
|
8. « «Կոտայք» |
4 |
2 |
0 |
2 |
4-8 |
6 |
50 |
|
9. « «Գանձասար» |
12 |
2 |
0 |
10 |
8-27 |
6 |
16,6 |
|
10. «Զվարթնոց» |
2 |
1 |
0 |
1 |
3-6 |
3 |
50 |
|
11. «Նոա» |
3 |
1 |
0 |
2 |
2-9 |
3 |
33,3 |
|
12. «Ուլիս» |
8 |
0 |
2 |
6 |
1-11 |
2 |
8,3 |
|
13. «Էրեբունի-ՀՄՄ» |
2 |
0 |
1 |
1 |
1-7 |
1 |
16,6 |
|
14. «Կիլիկիա» |
2 |
0 |
0 |
2 |
1-8 |
0 |
0 |
|
15. «Լեռնագործ» Ե» |
2 |
0 |
0 |
2 |
1-9 |
0 |
0 |
|
16. «Սպարտակ» |
4 |
0 |
0 |
4 |
0-8 |
0 |
0 |
|
17. «Ցեմենտ» |
6 |
0 |
0 |
6 |
3-15 |
0 |
0 |
|
18. «Երևան» |
6 |
0 |
0 |
6 |
2-17 |
0 |
0 |


