Logo

Նոր գերծանր արքան ու թեթևագույն թագուհին․ սպասելիքներ UFC 321-ից

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
16:35 / 24.10.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

Աշխարհի ամենահայտնի մարտական լիգան՝ UFC-ն, տարվա մեջ մի քանի տասնյակ չեմպիոնական մենամարտեր է անցկացնում, սակայն շատ քիչ են լինում քարտերը, որոնք ներառում են մեկից ավելի չեմպիոնական մենամարտեր։ Այդպիսին է առաջիկա հանգստյան օրերին Աբու Դաբիում սպասվող UFC 321-ը, որտեղ հայտնի կդառնան տղամարդկանց գերծանր քաշային կարգի չեմպիոնի և կանանց թեթևագույն քաշի նոր տիրուհու անունները։ Իսկ թե ինչու պետք չէ բաց թողնել այս մրցաշարը, բացատրում է FastNews-ը:

Գլխավոր մենամարտ՝ Թոմ Ասպինալ - Սիրիլ Գան

Թոմ Ասպինալն այս մարտին մոտենում է որպես նորահռչակ անվիճելի չեմպիոն այն իրադարձությունից հետո, երբ UFC-ի պատմության մեջ մեծագույն մարտիկներից Ջոն Ջոնսը թողեց գոտին և հայտարարեց կարիերայի ավարտի մասին։ Ջոնսի որոշումը՝ տիտղոսը թափուր թողնելը, վերջ դրեց գերծանր քաշային կարգի երկարատև անորոշությանը և թույլ տվեց UFC-ին միջանկյալ չեմպիոն Թոմ Ասպինալին բարձրացնել անվիճելի չեմպիոնի կարգավիճակի։ Բայց բրիտանացին առաջին անգամ է պաշտպանելու գոտին՝ որպես դիվիզիոնի առաջատար։ Այս մարտը տակտիկական հակադրության դասական օրինակ է։

Ասպինալի կարիերայի գլխավոր առանձնահատկությունը վաղաժամ ավարտներն են. նա իր մարտերի ճնշող մեծամասնությունը հաղթել է նոկաուտով առաջին երկու ռաունդներում։ Սա ապացուցում է նրա եզակի պայթյունավտանգությունը։ Դրանից բացի, Կյորտիս Բլեյդսից ստացած ծանր վնասվածքից հետո նրա հաղթական վերադարձը ցույց տվեց բրիտանացու հոգեբանական ամրությունը։ Ասպինալը, ամենայն հավանականությամբ, կփորձի շատ արագ կրճատել հեռավորությունը և մարտը տանել ցանցի կամ գետնի մոտ, քանի որ նա դեռևս չունի 5 ռաունդ տևողությամբ մարտեր անցկացնելու փորձ։ Նրա հաղթանակի բանալին արագ, անակնկալ հարվածներն են։

Սիրիլ Գանը Մուայ Թայի ֆրանսիական դպրոցի փայլուն ներկայացուցիչ է, որի կարիերան հիմնված է շարժունակության և դիպուկ հեռահար փորձերի վրա։ Սակայն Ջոն Ջոնսից կրած արագ պարտությունը ցույց տվեց նրա գլխավոր խոցելիությունը՝ թեյքդաուններից պաշտպանության թերությունները։ Գանը պարտավոր կլինի պահել մարտը մեծ հեռավորության վրա՝ մշտապես շարժվելով և զսպելով Ասպինալի պայթյունային մուտքերը։ Սա նրա երկրորդ և, հնարավոր է, վերջին շանսն է՝ անվիճելի չեմպիոնությունը նվաճելու համար։

Թերևս այս տղաները հիմա դիվիզիոնի առաջատարներն են, և Ջոնսի ու Ասպինալի միջև չկայացած երազանքի մենամարտից հետո այսօրվա պաստառը թերևս ամենացանկալին է։ Ասպինալի թիմը գիտակցում է, որ Գանը նախկինում հյուծվել է հինգ ռաունդ տևողությամբ մարտերում, բայց նրա գլխավոր թույլ կողմը հենց ըմբշամարտն է։ Հետևաբար, Ասպինալը կփորձի օգտագործել իր անհավանական արագությունը՝ կրճատելու հեռավորությունը, որը թույլ կտա նրան նաև անցնել ըմբշամարտի։

Մակքենզի Դերն - Վիրնա Ժանդիրոբա

Այս մարզուհիների մարտը կայանալու է՝ թեթևագույն քաշի թափուր մնացած գոտու համար։ Գոտին դարձել է հասանելի, երբ նախկին չեմպիոն Ժան Վեյլին որոշեց տեղափոխվել ավելի ծանր քաշ՝ մարտահրավեր նետելու Վալենտինա Շևչենկոյին։

Ընտրվել են հենց Դերնն ու Ժանդիրոբան, քանի որ վերջին շրջանում նրանք համարվում են դիվիզիոնի ամենակայուն և ամենաբարձր վարկանիշ ունեցող մարտիկները, որոնք հաղթանակների շարք են գրանցել։ Նրանք իրենց վերջին մարտերում հաղթել են դիվիզիոնի ուժեղ անունների՝ ապացուցելով, որ պատրաստ են տիտղոսային մակարդակին։

Մաքենզի Դերնը մարտարվեստ է եկել՝ որպես բրազիլական ջիու-ջիթսուի (BJJ) աշխարհի ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկը։ Նրա անցած ուղին UFC-ում եղել է աստիճանական. նա յուրաքանչյուր մարտում բարելավել է իր հարվածային հմտությունները՝ չկորցնելով գլխավոր զենքը՝ անզուգական գրեփլինգի տեխնիկան։ Դերնի բացառիկ արժանիքն այն է, որ նա կարող է հաղթանակ կորզել ցանկացած դիրքից։ Նրա կամային հաղթանակները ցույց են տալիս հոգեբանական ամրություն, թեև տակտիկական ռիսկերը երբեմն հանգեցնում են դժվարությունների։

Վիրնա Ժանդիրոբան ևս «սև գոտի» ունի BJJ-ից, բայց նա UFC-ում ավելի շատ կենտրոնացած է եղել ֆիզիկական ճնշման, դիրքային վերահսկողության և մրցակցին հոգնեցնելու վրա։ Նա ունի MMA-ի ավելի լայն փորձառություն՝ պայքարելով դիվիզիոնի տարբեր ոճերի մարտիկների դեմ և ցուցադրելով ուժեղ պաշտպանություն գրեփլինգից։ Ժանդիրոբայի հիմնական արժանիքը նրա կայունությունն ու պրագմատիզմն են. նա չի փնտրում ռիսկային քայլեր, այլ նախընտրում է դանդաղ, բայց վստահորեն հաղթել ռաունդ առ ռաունդ՝ մրցակցին պահելով իր վերահսկողության տակ։

Մարտը, ըստ էության, կլինի երկու BJJ դպրոցների հակադրություն՝ Դերնի վտանգավոր սաբմիշններն ընդդեմ Ժանդիրոբայի կոշտ վերահսկողության։ Քանի որ երկուսն էլ գետնին վտանգավոր են, մեծ է հավանականությունը, որ մարտի զգալի մասը կանցնի ոտքի վրա՝ տեխնիկական դիմակայության մեջ, որտեղ կհաղթի նա, ով կկարողանա ավելի դիպուկ օգտագործել իր հարվածային տեխնիկան։ Մնում է միայն ավելացնել, որ սա մարզուհիների երկրորդ բախումն է, առաջին դեպքում՝ 2020 թվականին, Դերնը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ 

Բացի չեմպիոնական մենամարտերից, այս քարտում հանդես կգան նաև իրենց քաշերի առաջատարներից Ումար Նուրմագոմեդովը, Ալեքսանդր Վոլկովը, Ալեքսանդր Ռակիչը և այլ անվանի մարտիկներ։

UFC 321-ը կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 18։00-ից կհեռարձակվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ