Logo

Նորեկ Իսպանիայից, մերժում Գերմանիայից, 11-րդ ֆուտբոլիստն այդ դիրքում․ Հավաքականի հայտացուցակի հետքերով

Հեղինակ
Արման Աբելյան
15:42 / 27.05.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը ևս 2 ընկերական խաղ կանցկացնի Ազգերի լիգային ընդառաջ: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 4-ին կհյուրընկալվի Սլովենիայի հավաքականին, իսկ 3 օր անց Երևանում կմրցի Ղազախստանի հետ:

Ուկրաինացի մասնագետը հրապարակել է հավաքականի հայտացուցակը: Ի՞նչ նոր քայլեր կան Պետրակովի կողմից, ի՞նչն է զարմացրել, ովքե՞ր են բացակայելու և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել: Այս ամենին VNews-ը կանդրադառնա 5 կետով:

Կենտրոնական պաշտպանների որոնումները

Պետրակովի օրոք առաջին անգամ հավաքական են հրավիրվել կենտրոնական պաշտպաններ՝ «Վալենսիայի» Մ19 թիմից Անդրանիկ Հակոբյանը և «Ուրարտուից» Էրիկ Սիմոնյանը: Ստացվում է, որ ուկրաինացի մասնագետը հավաքականը գլխավորելու այս 1 տարում արդեն 11 կենտրոնական պաշտպանի է հրավիրել հավաքական, որոնցից 8-ը խաղաժամանակ է ստացել: Մեծ թիվը 2 գործոնի հետ կարելի է կապել: Նախ, Պետրակովը չի հրաժարվում 3 կենտրոնական պաշտպանով սխեմայից, ուստի, բնական է, ամեն անգամ առնվազն 6 խաղացող է պետք այդ դիրքի համար: Եվ հետո, մարզիչը հաճախ է անդրադարձել, որ այս դիրքը խնդրահարույց է համարում: Այսպիսով, նա օպտիմալ տարբերակներ է փնտրում:

18-ամյա Հակոբյանի դեպքում Պետրակովը կարծես ոգեշնչվել է Գեորգի Հարությունյանի իր հաջողված փորձից: Քչերը գիտեին նրա մասին, երբ մասնագետը երիտասարդ պաշտպանին անցյալ տարվա մարտին «Կրասնոդարի» 2-րդ թիմից հրավիրեց ազգային հավաքական: Փորձն ավելի քան հաջողված էր: Հիմա համարյա նույն դեպքն է, որովհետև Հակոբյանն էլ պատանեկան թիմից հավաքական է հրավիրվում: Իսկ 20-ամյա Էրիկ Սիմոնյանը դեռ 17 տարեկանում է առաջին անգամ ազգային թիմ հրավիրվել, երբ նրան Խոակին Կապառոսն էր նկատել: Նա ԲԿՄԱ-ում հաջող ելույթներից հետո ձմռանը վերադարձավ «Ուրարտու», որտեղ վերջին ամիսներին հիմնական կազմի ֆուտբոլիստ է դարձել: Սիմոնյանն աչքի է ընկնում մենապայքարներում, մանավանդ օդային պայքարներում իր խաղով: Երբեմն կարող է շատ չոր գործել մրցակիցների դեմ:

Հրավիրված կենտրոնական պաշտպաններից միակ փորձառուն Վարազդատ Հարոյանն է: 21-ամյա Ստյոպա Մկրտչյանն էլ բավականաչափ փորձառու է, քանի որ արդեն 16 խաղ է անցկացրել հավաքականում: Նա սկսել է ավելի շատ խաղաժամանակ ստանալ խորվաթական «Օսիեկում»: 19-ամյա Սերգեյ Մուրադյանը Չեխիայի դեմ ընկերական խաղի վերջնամասում փոխարինման մտավ՝ նորամուտը նշելով հավաքականում: Պետրակովը նրա հետ հույսեր է կապում ու մինչև այդ էլ մի քանի անգամ հրավիրել էր և ընդգրկել մարզումային գործընթացքում: Նա «Նոայում» լավ ելույթներ է ունենում: Լինում են նաև սխալներ, բայց դա նորմալ է նրա տարիքի ֆուտբոլիստի դեպքում:

Ի՞նչ կլինի Սելարայանի դիրքում

Եթե Պետրակովը նոր սխեմա չփորձարկի, հարկավոր կլինի փակել հարձակման ձախ կիսաեզրը: Սելարայանը դարձել էր մեր գրոհների հիմնական կառուցողը, բայց նա այս անգամ հավաքականում չի լինի: Այդ դիրքին ամենաշատը հավակնում են «Նոայից» Գոռ Մանվելյանը, «Արարատ-Արմենիայից» Ժիրայր Շաղոյանը և «Ուրարտուից» Գևորգ Տարախչյանը: Մանվելյանը նրանցից միակն է, որին ընդգծված եզրային կիսապաշտպան չես անվանի: Նա սիրում է կենտրոնին ավելի մոտ խաղալ, սուր գործել, կարող է վերջին փոխանցումով և հարվածով աչքի ընկնել: Նա ամրապնդվել է փոխչեմպիոն «Նոայի» հիմնական կազմում, թեև կայուն արդյունավետություն ցույց տալ դեռ չի ստացվում:

Շաղոյանն ու Տարախչյանը «մաքուր» վինգերներ են, որոնք սիրում են 1-ը 1-ի դեմ պայքար և արագություն: Ժիրայրը վերջին շրջանում «Արարատ-Արմենիայում» 4 գոլ է խփել: Նա էլ կայունության խնդիր ունի, բայց իր մեծ տաղանդի շնորհիվ ամեն պահի կարող է տարբերություն ստեղծել: Կապառոսը հավաքականում նրան հաճախ էր «ջոկերի» դեր տալիս՝ օգտագործելով խաղերի վերջնամասերում: Տարախչյանը մրցաշրջանի սկզբում ԲԿՄԱ-ում ավելի արդյունավետ էր խաղում, իսկ «Ուրարտուում» ոչ միշտ է վայելում Դմիտրի Գունկոյի վստահությունը: Ամեն դեպքում, նա լավ խաղեր է անցկացրել նաև Մ21 հավաքականում: Տարախչյանը խաղադաշտում շատ է աշխատում, երբեմն՝ չափից շատ: Դրականն այն է, որ չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնելուց և խաղը սրելուց: Լավ հեռվից հարվածներով է օժտված:

Իսկ, միգուցե, Պետրակովը հետաքրքիր տարբերակներ գտնի: Օրինակ՝ Սելարայանի դիրք տեղափոխի Էդուարդ Սպերցյանին, որը «Կրասնոդարում» էլ հարձակմանն ավելի մոտ է գործում: Հենակետային գոտին կարող են փակել հրավիրվածներից Սոլոմոն Ուդոն, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը և Տիգրան Ավանեսյանը: Մի տարբերակ էլ կա․ այս դիրքը կարող է հարմար լինել նաև Նաիր Թիկնիզյանի համար: Նա «Լոկոմոտիվում» էլ սկսել է ավելի հաճախ որպես վինգեր խաղալ, որովհետև հարձակմանը նրա օգուտն անհամեմատ մեծ է: Այդ դեպքում ձախ եզրն ամբողջությամբ կարող է փակել Կամո Հովհաննիսյանը, ինչպես Չեխիայի դեմ հանդիպմանն էր: Կամ կարող է այդ դիրքում լիարժեք շանս ստանալ «Արարատ-Արմենիայի» մեկ այլ պաշտպան՝ Էդգար Գրիգորյանը:

Ադամյանը չի ցանկանում գալ հավաքական

«Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք»,- մեկնաբանեց Պետրակովը: «Քյոլնի» ֆուտբոլիստը կարծես «վրեժ է լուծում» մարզչից իրեն նախորդ հավաքին չկանչելու համար: Ադամյանն այն ժամանակ շատ լավ մարզավիճակում էր, գոլ խփեց «Լայպցիգին», նաև բազմաթիվ այլ առումներով էր տպավորում: Ցանկալի կլիներ, որ նա, հանուն հավաքականի, մի կողմ թողներ նման բաներ, մանավանդ, որ այս հավաքին չեն մասնակցում Հրանտ-Լեոն Ռանոսը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Մտահոգիչն այն է, որ մեծանում է Պետրակովի հետ բաց կամ փակ կոնֆլիկտ ունեցող ֆուտբոլիստների թիվը: Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանն ամենավառ օրինակներն են: Ի տարբերություն այդ երկուսի՝ Ադամյանի մասին Պետրակովը հրապարակայնորեն որևէ բացասական բան չի ասել, կարգապահական որևէ հարցի մասին չի նշվել: Սարգիսը շատ լավ անցկացրեց 2023-ի մարտին Կիպրոսի դեմ ընկերական խաղը, սակայն հետո լավ չմտավ փոխարինման սեպտեմբերին Թուրքիայի դեմ կայացած մրցավեճում: Դրանից 3 օր անց որևէ րոպե չխաղաց Խորվաթիայի դեմ: Նա այդ ամենից հետո մինչև օրս չի եղել հավաքականում: Բարդ է ասելը՝ մարզիչն ի վերջո վստահո՞ւմ է Ադամյանին, թե՞ ոչ:

Բարսեղյանը դարձավ Սլովակիայի չեմպիոն և կարիերայի ամենաաարդյունավետ մրցաշրջանն անցկացրեց: Հայտնի է, որ նրա չհրավիրվելու պատճառը կարգապահական է: Նրա դիրքին այս պահին հիմնականում հավակնում են Էդգար Սևիկյանը և Վահան Բիչախչյանը, իսկ Արթուր Սերոբյանը փորձում է փոխարինման մտնելով ակտիվություն ցուցաբերել: Սևիկյանը կամաց-կամաց ամրապնդվում է «Ֆերենցվարոշում», որտեղ Հունգարիայի չեմպիոն դարձավ: Բիչախչյանն էլ 2024-ին ընդամենը 1 գոլ է խփել ու սկսել է ոչ միշտ հայտնվել լեհական «Պոգոնի» հիմնական կազմում: Վահանը հավաքականում կանոնավոր գոլային պահեր է ունենում, մրցակիցներին մի քանի անգամ դարպասաձողն է փրկել: Հնարավոր է՝ գոլն առաջիկա խաղերում հոգեբանորեն օգնի գյումրեցի ֆուտբոլիստին:

Երիտասարդ կազմ

Հավաքական 25 ֆուտբոլիստ է հրավիրվել: Եթե չհաշվենք դարպասապահներին, մնացած 22-ից 17-ը մինչև 26 տարեկան ֆուտբոլիստներ են: Հրավիրված 6 կենտրոնական պաշտպաններից 5-ը մինչև 21 տարեկան խաղացողներ են: Ավելին, ազգային թիմից հրավեր ստացած ֆուտբոլիստներից 6-ն այս շրջափուլում եղել են երիտասարդական հավաքականում, նախորդ հավաքին միացել էր Մ21 հավաքականից նաև Էդգար Փիլոյանը: Շատ կարևոր է, որ Պետրակովը գնահատում է առավել աչքի ընկածներին, թեև Մ21 հավաքականը՝ որպես թիմ, դրական արդյունքներ գրեթե չունի: Հրավեր չստացածներից մինչև 26 տարեկանների շարքին դասվում են նաև Հրանտ-Լեոն Ռանոսը (20), Նարեկ Գրիգորյանը (22) և Ուգոչուկվու Իվուն (24):

Սոլոմոն Ուդոն և Արթուր Միրանյանը 28 տարեկան են: Փորձառուներից հավաքականում են Վարազդատ Հարոյանը (31), Կամո Հովհաննիսյանը (31) և Արտակ Դաշյանը (34): Չհրավիրվածներից նրանց միանում են Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (28), Լուկաս Սելարայանն (31) ու Անդրե Կալիզիրը (33):


Էլ ովքե՞ր կարող էին հրավիրվել

Կա ֆուտբոլիստների մի խումբ, որ քաջածանոթ է Պետրակովին, դրա համար հիմա հավաքականում չէ, օրինակ՝ Ժիրայր Մարգարյանը, Տարոն Ոսկանյանը կամ Հովհաննես Համբարձումյանը: Հարձակման ձախ կիսաեզրի համար կարող էր հրավիրվել Մ21 հավաքականի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը: Նա դարձել է «Ալաշկերտի» առաջատարներից մեկը, Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում արդեն 8 գոլ խփել: Նա խելացի կիսապաշտպան է, լավ է գործում հենց կիսաեզրում, գոլերի մեծ մասը խփում է հեռվից հարվածներով: Վերջին շրջանում լավ տպավորություն է թողնում նաև նույն դիրքին հավակնող մեկ այլ ֆուտբոլիստ՝ «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը, որը գոլ խփեց գավաթի եզրափակիչում:

Մինչև օրս հավաքականում չի եղել ԲԿՄԱ-ի 31-ամյա պաշտպան Արգիշտի Պետրոսյանը: Նա Հայաստանում խաղացող հայ ամենաարագ կենտրոնական պաշտպանն է: 5 պաշտպանով սխեմայի մեջ կարող է ձախ կենտրոնական լինել, ուժեղ է 1-ը 1-ի դեմ պայքարում: Եթե հավաքականը խաղա 4 պաշտպանով, կարող է կոնկրետ առաջադրանքով 2 եզրայիններից մեկը լինել: Ընդգծված ուժեղ կողմ ունի նաև «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը, որին վերջապես հանգիստ են թողել վնասվածքները: Նա հայ ամենաբարձրահասակ կենտրոնական կիսապաշտպանն է (1,88սմ), կենտրոնում կարող է մեծ աշխատանք կատարել, նույնիսկ միանալ գրոհներին և գլխով գոլեր խփել: Նրան, հավանաբար, խանգարեց նաև Սոլոմոն Ուդոյի մարզավիճակը, որը «Փյունիկում» գերազանց ելույթների շնորհիվ 2 տարվա դադարից հետո կրկին հավաքականում կլինի:

Հ․ Գ․ Սլովենիան ու Ղազախստանը բարդ մրցակիցներ են: Առաջինը մասնակցելու է Եվրո-2024-ին: Մեզ լավ փորձարկումներ են պետք, ինչը մասամբ տեսանք նախորդ ընկերական խաղերում: Նաև ուրախալի կլինի, եթե հավաքականը շուրջ մեկ տարվա դադարից հետո հաղթանակ տանի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ