Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդներ Լանդո Նորիսի և Օսկար Պիաստրիի` Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրիում վաստակած բոլոր միավորները հանվել են, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Պատճառն այն է, որ նրանց բոլիդների հատակի մաշվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը:
Այսպիսով՝ ընթացիկ մրցաշրջանի առաաջատար Նորիսը զրկվել է 18 միավորից, իսկ 2-րդ տեղում գտնվող Պիաստրին կորցրել է 12 միավոր: Նորիսը Լաս Վեգասի Գրան պրիում 2-րդն էր, Պիաստրին` 4-րդը:
Գործող չեմպիոն, Լաս Վեգասի Գրան պրիի հաղթող, «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն ընդհանուր հաշվարկում հավասարվել է Պիաստրիին, իսկ Նորիսից հետ է ընդամենը 24 միավորով: Մրցաշրջանի ավարտին մնացել է 2 Գրան պրի:
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


