Logo

Նուբիսիի հեթ-տրիկն ու Տենտոնի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:36 / 29.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

33-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց 2024/25թթ. Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունը: Ավարտական տուրում հայտնի դարձան առաջնության արծաթե և բրոնզե մրցանակակիրները:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տոնեց «Վանը»: Առաջնությունում կայացած 159 հանդիպումներից 71-ում հաղթել են դաշտի տերերը, 63-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 25 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,25 գոլ): Առաջնության 159 հանդիպումներում գրանցվել է 500 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,14 գոլ): Առաջնության վերջին և հոբելյանական՝ 500-րդ գոլի հեղինակը Մարիուս Նուբիսին է:

2. «Նոան» Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով առաջին պարտությունը կրեց, որով ընդհատվեց առաջնությունում 23 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը: Նախորդ պարտությունն առաջնությունում «Նոան» կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին «Ուրարտուից»՝ 1-2:

Ռուի Մոտայի գլխավորած թիմին առաջին անգամ առաջնությունում չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Չեմպիոնի կարգավիճակով անցկացրած առաջնության 3 խաղում «Նոան» 4 միավոր վաստակեց:

3. «Ալաշկերտն» ընդհատեց առաջնությունում «Նոայից» կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը՝ ավարտված առաջնությունում նաև առաջին անգամ գրավելով մրցակցի դարպասը:  Նախորդ երկու խաղերում «Նոան» 10 անպատասխան գնդակ էր խփել «Ալաշկերտի» դարպասը: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել էր 2023թ. օգոստոսի 25-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 3-1:

4. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 11-րդ հաղթանակը տոնեց՝ գերազանցելով թիմային իր նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2022/23թթ. առաջնությունում (10 հաղթանակ): Ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիան» առաջին անգամ մեկ խաղում 6 գոլ խփեց: Հայաստանի կրկնակի չեմպիոնն իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2020/21թթ. առաջնությունում «Շիրակի» նկատմամբ՝ 7-0:

5. «Ուրարտուի» 7 անպարտելի խաղերի շարքն ավարտվեց: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 4 հաղթանակ էր տոնել, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ պարտությունն «Ուրարտուն» կրել էր ապրիլի 5-ին «Արարատ-Արմենիայից»՝ 0-3:

6. «Վանը» 3 անընդմեջ հաղթանակով ավարտեց առաջնությունը, որում 2-րդ անգամ հաղթեց «Ուրարտուին»: Իսկ մինչև այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 8 հանդիպումներում «Վանը» 5 պարտություն էր կրել, 3 խաղ ավարտվել էր ոչ-ոքի:

7. Մարիուս Նուբիսին ավարտված առաջնությունում 3-րդ հեթ-տրիկը գրանցեց՝ 2-րդ անգամ մեկ խաղում 3 գոլ խփելով «Արարատի» դարպասը: Նուբիսին 18 գնդակով դարձավ առաջնության 2-րդ գլխավոր ռմբարկուն՝ 2 գոլով զիջելով Գոնսալու Գրեգորիուին: Կամերունցի հարձակվողը կրկնեց թիմի նախկին ֆուտբոլիստներ Մաիլսոն Լիմայի  (2021/22թթ.) և Մոհամեդ Յատարայի (2023/24թթ.) մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը:

8. Տենտոն Յենեն էլ մեկ մրցաշրջանի արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ խփելով 17-րդ գոլը: Նախորդ առաջնությունում նրա հաշվին 16 գոլ էր գրանցվել: Առաջնության գարնանային հատվածում 25-ամյա Տենտոնը 8-րդ գոլը խփեց, որի շնորհիվ գերազանցեց թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի և իր ներկայիս խաղընկեր Ջոնաթան Դուարտեի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում 7-ական գոլ էին խփել:

9. Գանձասարցիներ Սեյդու Կոնեն և Լյուկ Մերիլը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

10. Խոսե Բուենոն Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա «Արարատ-Արմենիայում» ՀՀ առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած 6-րդ ֆուտբոլիստն է: Ռեկորդակիրն Արմեն Համբարձումյանն է, որը հարազատ թիմի մարզաշապիկով 170 անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ