Նովակ Ջոկովիչը դարձել է պատմության մեջ երրորդ թենիսիստը, որը 100 կամ ավելի տիտղոս է նվաճել ATP մրցաշարերում:
Մայիսի 24-ին Ժնևում Նովակը ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչում դրամատիկ քամբեք է կատարել՝ 5-7, 7-6 (7-2), 7-6 (7-2) հաշվով հաղթելով Հուբերտ Հուրկաչին: 38-ամյա Ջոկովիչը հաղթել է 3 ժամ 5 րոպե պայքարից հետո:
Նովակ Ջոկովիչը միացել է Ջիմի Քոնորսին (109 տիտղոս) ու Ռոջեր Ֆեդերերին (103) և այժմ ATP մրցաշարերում 100 կամ ավելի տիտղոս նվաճած բացառիկների շարքում է:
«Ես պետք է համառ պայքար մղեի՝ կասկած չկա: Նա ամբողջ խաղի ընթացքում, հավանաբար, ավելի մոտ էր հաղթանակին, քան ես»,- մրցախաղից հետո ասել է Ջոկովիչը, որը պատմության մեջ առաջին թենիսիստն է, որ 20 տարի անընդմեջ տիտղոս է նվաճել:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո այս տիտղոսն առաջինն էր աշխարհի նախկին առաջին ռակետի համար:
Այժմ Նովակ Ջոկովիչը կպատրաստվի «Ռոլան Գարոսին», որտեղ կմեկնարկի մայիսի 26-ին կամ 27-ին:
Նովակ Ջոկովիչի կարիերան՝ թվերով
1
Նովակ Ջոկովիչը միակ թենիսիստն է, որը հաղթել է ATP-1000 կարգի բոլոր մրցաշարերը, ընդ որում՝ դա արել է 2 անգամ:
1
Սերբը միակն է, որ հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերը, ATP Finals-ը, Օլիմպիական խաղերը, «Մասթերս» շարքի բոլոր 9 մրցաշարերը:
3
Ջոկովիչը պատմության մեջ միակն է, որ «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերը հաղթել է առնվազն 3 անգամ:
4
Petit Slam-ների (3 «Մեծ սաղավարտ» նույն տարում) ռեկորդային քանակն է:
4
Չնայած Ջոկովիչն օրացուցային տարվա ընթացքում երբեք չի հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր տիտղոսները, այնուամենայնիվ, նա հաղթել է բոլոր չորս մրցաշարերն անընդմեջ (Ուիմբլդոնն ու ԱՄՆ-ի բաց առաջնությունը՝ 2015 թվականին, Ավստրալիայի բաց առաջնությունն ու «Ռոլան Գարոսը»՝ 2016-ին): Ռոդ Լեյվերից հետո նա առաջին մարդն է, որ անընդմեջ հաղթանակներով նվաճել է «Մեծ սաղավարտի» բոլոր տիտղոսները: 1969 թվականին Լեյվերը դա արել էր օրացուցային տարում:
6
Մեկ մրցաշրջանում նվաճած «Մասթերս» շարքի տիտղոսների քանակն է: Այս հաշվարկում ոչ ոք ավելի լավ ցուցանիշ չունի, քան Նովակ Ջոկովիչը: Ընդ որում՝ հենց այդ մրցաշրջանում Նովակը հաղթել է նաև «Մեծ սաղավարտի» 3 տիտղոս:
7
Նա պատմության մեջ միակ խաղացողն է, որ «Մեծ սաղավարտի» 2 մրցաշարերի տիտղոս է նվաճել առնվազն 7 անգամ (Ավստրալիայի բաց առաջնություն՝ 10, Ուիմբլդոն՝ 7):
15
«Ռոլան Գարոսում» անընդմեջ քառորդ եզրափակիչ հասնելու քանակն է: Բացառիկ ցուցանիշ, որ ռեկորդային է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաշվարկում:
24
Նովակ Ջոկովիչի ամենաանհավանական ռեկորդներից է: 24-ը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սերբ թենիսիստի տիտղոսների քանակն է:
- Australian Open՝ 10 (2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019, 2020, 2021, 2023),
- French Open՝ 3 (2016, 2021, 2023),
- Wimbledon՝ 7 (2011, 2014, 2015, 2018, 2019, 2021, 2022),
- US Open՝ 4 (2011, 2015, 2018, 2023),
37
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում Նովակ Ջոկովիչի խաղերի քանակն է, որն իհարկե ռեկորդ է: Նա խաղացել է «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից 3-ի 10 եզրափակիչներում, իսկ «Ռոլան Գարոսում»՝ 7 եզրափակիչում:
Ջոկովիչը ռեկորդակիր է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի բաց առաջնություններում խաղացած եզրափակիչների քանակով: Նա նաև միակն է պատմության մեջ, որ «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի եզրափակիչ է հասել առնվազն 7 անգամ:
40
«Մասթերս» շարքի մրցաշարերում Նովակի տիտղոսների քանակն է: Իհարկե, սա ռեկորդ է: Նա առաջին «Մասթերսը» նվաճել է 2007 թվականին: Հաղթած առաջին ու վերջին «Մասթերսի» ժամանակային ամենամեծ տարբերությամբ ռեկորդը նույնպես Նովակինն է:
50
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում կիսաեզրափակիչների քանակն է, որը նույնպես ռեկորդ է: Յուրաքանչյուր մրցաշարում նա կիսաեզրափակիչում խաղացել է առնվազն 11 անգամ:
60
Նովակ Ջոկովիչն այսքան մրցախաղ է անցկացրել Ռաֆայել Նադալի հետ, ինչը դիմակայությունը դարձնում է ամենաթեժը բաց դարաշրջանի պատմության մեջ: Սերբն առջևում է հաշվի մեջ՝ 31-29:
Նրանք միմյանց միջև անցկացրել են 28 եզրափակիչ, որը նույնպես ռեկորդ է: Ջոկովիչը կրկին առավելություն ունի՝ 15-13:
83.3
Կարիերայում տարած հաղթանակների տոկոսն է: Ոչ ոք ավելի արդյունավետ չէ, քան Նովակ Ջոկովիչը:
90
Ջոկովիչը պատմության մեջ միակ թենիսիստն է, որը «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում տարել է առնվազն 90 հաղթանակ:
- Australian Open՝ 99
- French Open՝ 96
- Wimbledon՝ 97
- US Open՝ 90
Ի դեպ, նա արդեն իսկ միակն էր, որ հատել էր 80 հաղթանակի շեմը:
100
Այս մեկը ռեկորդ չէ, բայց Նովակ Ջոկովիչը դարձավ պատմության մեջ միայն երրորդ թենիսիստը, որը 100 կամ ավելի տիտղոս է նվաճել ATP-ի մրցաշարերում: Ռեկորդակիրը Ջիմի Քոնորսն է (109 տիտղոս), նրան հաջորդում է Ռոջեր Ֆեդերերը (103): Այս ռեկորդը Ջոկովիչը կփորձի գերազանցել մինչև կարիերայի ավարտը:
382
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթած խաղերի քանակն է՝ ռեկորդ, որ միայն հնարավոր է բարելավել:
428
ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների քանակն է: Կրկին ռեկորդային ցուցանիշ է: Երկրորդ տեղը զբաղեցնող Ռոջեր Ֆեդերերն այդ դիրքում անցկացրել է 310 շաբաթ։
436
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած խաղերի քանակն է: Իհարկե, ռեկորդային ցուցանիշ է:
1139
Պրոֆեսիոնալ կարիերայում Նովակ Ջոկովիչի հաղթանակների քանակն է: Այս ցուցանիշով նա երրորդն է և զիջում է միայն Ջիմի Քոնորսին (1274) ու Ռոջեր Ֆեդերերին (1221):
16.950
ATP վարկանիշային աղյուսակում միավորների քանակով ռեկորդն է, որը Նովակը սահմանեց 2016 թվականին «Ռոլան Գարոսը» հաղթելուց հետո:
Համեմատության համար՝ Յանիկ Սիները 2024 թվականին անցկացրած տպավորիչ մրցաշրջանում վաստակել էր ընդամենը 11,330 վարկանիշային միավոր: