Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղում «Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը 2022թ. օրացուցային տարում Բարձրագույն խմբում 14-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց Աշտարակի «Քասախի» նախկին դարպասապահ Բագրատ Ստեփանյանի 30-ամյա վաղեմության տարիքային ռեկորդը: Վերջինս 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում 33 տարեկանում դարպասը 13 անգամ անառիկ էր պահել:
Ընթացիկ առաջնությունում Չանչարևիչը 7-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Սերբ դարպասապահը 7 «չոր» խաղ էլ անցկացրել էր այս տարվա գարնանը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում:

Օգնյեն Չանչարևիչը տարիքային 2-րդ ռեկորդը սահմանեց: Նրան է պատկանում նաև 29 տարեկան դարպասապահների տարիքային ռեկորդը, որը սահմանել էր 2018թ.՝ դարպասն անառիկ պահելով 15 խաղում:
Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնություններում «Ալաշկերտի» դարպասը սկսել է պաշտպանել 2017-18թթ. առաջնության գարնանային հատվածից՝ նորամուտը նշելով 2018թ. փետրվարի 28-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում (0-1): «Ալաշկերտում» իր առաջին մրցաշրջանում Չանչարևիչը 13 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 5 անգամ դարպասը պահեց անառիկ:
Սերբ դարպասապահի համար առայժմ լավագույնը 2018-19թթ. առաջնությունն էր, որի 27 հանդիպումներում 21 գոլ էր բաց թողել, 12 անգամ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Օգնյեն Չանչարևիչը Fastex ՀՊԼ-ում 123 խաղ է անցկացրել, որոնցում 115 գոլ է բաց թողել, 49 անգամ դարպասը պահել է անառիկ:

Անցկացրած խաղերի քանակով Չանչարևիչն «Ալաշկերտում» խաղացած ամենափորձառու լեգեոնականն է: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով նա այլազգի դարպասապահներից զիջում է միայն Վսևոլոդ Երմակովին, որը 51 խաղում գոլ բաց չի թողել:
Ընթացիկ առաջնությունում տարիքային ռեկորդ կարող է սահմանել նաև «Փյունիկի» 36-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Նա այս տարվա ընթացքում կայացած առաջնության հանդիպումներում արդեն 10 անգամ դարպասն անառիկ է պահել (8-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում, 2-ն՝ ընթացիկ առաջնությունում): Եթե նրան հաջողվի մինչև տարեվերջ ևս 2 «չոր» խաղ անցկացնել, ապա կգերազանցի «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Էդիկ Երիցյանի տարիքային ռեկորդը: Վերջինս 2007թ. առաջնության 11 խաղում դարպասն անառիկ է պահել:
VNews-ը ներկայացնում է առաջնությունում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:
| Տարիք | Դարպասապահ | Ակումբ | Անառիկ |
| 16 | Հայկ Դանիելյան | «Բանանց» | 4 |
| 17 | Աբուլա Բետե | «Փյունիկ» | 12 |
| 18 | Աբուլա Բետե | «Փյունիկ» | 8 |
| 19 | Արսեն Բեգլարյան | «Գանձասար» | 9 |
| 20 | Անատոլի Այվազով | «Փյունիկ», «Շիրակ» | 12 |
| 21 | Արսեն Բեգլարյան | «Գանձասար», «Ուլիս» | 10 |
| 22 | Գրիգոր Մելիքսեթյան | «Փյունիկ» | 14 |
| 23 | Հարություն Աբրահամյան | «Արարատ» | 13 |
| 24 | Արթուր Հովհաննիսյան | «Շիրակ» | 21 |
| 25 | Լևան Բուբուտեիշվիլի | «Գանձասար» | 13 |
| 26 | Վալերիո Վիմերկատի | «Նոա», «Ար.-Արմ.» | 15 |
| 27 | Գարեգին Նաջարյան | «Բանանց» | 14 |
| 28 | Լևան Բուբուտեիշվիլի | «Գանձասար» | 17 |
| 29 | Օգնյեն Չանչարևիչ | «Ալաշկերտ» |
15 |
| 30 | Հարություն Աբրահամյան | «Արարատ» | 17 |
| 31 | Ռայմոնդ Զադուրյան Վլադիմիր Մալկով |
«Շիրակ» «Ուլիս» |
14 14 |
| 32 | Հարություն Աբրահամյան | «Արաքս» | 12 |
| 33 | Օգնյեն Չանչարևիչ | «Ալաշկերտ» | 14 |
| 34 | Արմեն Ավագյան | «Փյունիկ» | 15 |
| 35 | Գևորգ Կասպարով | «Միկա», «Ալաշկերտ» | 13 |
| 36 | Էդիկ Երիցյան | «Գանձասար» | 11 |
| 37 | Արմեն Ավագյան | «Էրեբունի» | 6 |
| 38 | Գևորգ Կասպարով | «Գանձասար-Կապան» | 5 |
| 39 | Գևորգ Կասպարով | «Գանձասար-Կապան» | 6 |
| 40 | Ռոբերտ Պալյան | «Կանազ» | 6 |


