Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում 0,5-3,5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին՝ ընդհատելով 4 անընդմեջ հաղթանակների շարքը:
Մրցախաղն անհաջող սկսվեց հայ շախմատիստուհիների համար: 3-րդ խաղատախտակի վրա Աննա Սարգսյանը սևերով պարտվեց Լելա Ջավախաշվիլուն: Որոշ ժամանակ անց 4-րդ խաղատախտակի վրա Մարիամ Մկրտչյանը սպիտակներով հաշտություն կնքեց Սալոմե Մելիայի հետ:
2-րդ խաղատախտակի վրա խաղացող Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց Նինո Բացիաշվիլուն, և մրցախաղի ելքը վճռվեց:
Վերջինն իր պարտիան ավարտած Էլինա Դանիելյանն էլ առաջին խաղատախտակի վրա սևերով պարտություն կրեց Նանա Ձագնիձեից:
Կանանց Հայաստանի հավաքականն Օլիմպիադայում 2-րդ պարտությունը կրեց: 8 տուրից հետո հայ շախմատիստուհիները վաստակել են 12 միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը հաղթել էր Բոստվանայի (4-0), Նորվեգիայի (4-0), Իռլանդիայի (4-0), Ինդոնեզիայի (3-1), Անգլիայի (3,5-0,5) և Իսրայելի (2,5-1,5) հավաքականներին ու պարտվել էր էստոնուհիներին (1,5-2,5):


