Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթական մրցամարտով ավարտեց պայքարը Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտված 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում։
Վերջին՝ 10-րդ տուրում հայ շախմատիստուհիները մրցեցին Խորվաթիայի հավաքականի հետ և առավելության հասան 2,5-1,5 հաշվով։
Առաջին խաղատախտակի վրա խաղացած Լիլիթ Մկրտչյանը, երկրորդ համար Աննա Սարգսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց, իսկ Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց։
Հայ շախմատիստուհիները մրցաշարն ավարտեցին 16 միավորով և բաժանեցին 6-14-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի թիմը զբաղեցրեց 12-րդ տեղը։
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինայի հավաքականը, որը վաստակեց 18 միավոր։ Նույնքան միավոր հավաքեցին նաև երկրորդ տեղը գրաված վրացուհիները։ 17 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում խաղում է Տաթև Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նախորդ 10 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը հաղթել էր Բոստվանայի (4-0), Նորվեգիայի (4-0), Իռլանդիայի (4-0), Ինդոնեզիայի (3-1), Անգլիայի (3,5-0,5), Իսրայելի (2,5-1,5) ու Ռումինիայի (3-1) հավաքականներին ու պարտվել էր էստոնուհիներին (1,5-2,5), վրացուհիներին (0,5-3,5) և ադրբեջանցիներին (0-4):
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը ևս հաղթել էր Օլիմպիադայի վերջին տուրում՝ 2,5-1,5 հաշվով ուժեղ գտնվելով իսպանացիներից և դառնալով արծաթե մեդալակիր։


