Գեղասահքի տղամարդկանց մենասահքի Օլիմպիական խաղերի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Յուձուրու Հանյուն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է sport-express-ը։
Իր որոշման մասին 27-ամյա մարզիկը հայտնել է հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ այսուհետ նախատեսում է հանդես գալ պրոֆեսիոնալ գեղասահորդի կարգավիճակում։
Հանյուն մի շարք եզակի նվաճումների հեղինակ է։ Նա առաջին գեղասահորդն է, որին հաջողվել է կարճ ծրագրում գերազանցել 100, ազատ ծրագրում՝ 200 և ընդհանուր հաշվարկում՝ 300 միավորի շեմը։ 2004 թվականին ISU-ի մրցավարական համակարգի ներդրման պահից նա ամենաշատ համաշխարհային ռեկորդներն է սահմանել տղամարդկանց մենասահքում (19)։ Ճապոնացին աշխարհում առաջին մենասահորդն է, որը մեծահասակների և երիտասարդների տարիքային խմբերում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները։
Հանյուն դարձել է նաև աշխարհի թիմային առաջնության և «Չորս աշխարհամասերի առաջնություն» մրցաշարի հաղթող։ Հանյուն «Գրան-պրի» մրցաշարերի եզրափակիչների քառակի հաղթող է, Ճապոնիայի 6-ակի չեմպիոն։ Պեկինում այս տարի տեղի ունեցած ձմեռային Օլիմպիական խաղերում գրավել է 4-րդ տեղը։


