Տոկիո- 2020 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Ռիլովը մարտի 2-ին կմիանա Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող լողի Ռուսաստանի հավաքականին։ Այդ մասին հայտնել է լողի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Չեպիկը։
«Ռուսաստանի հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում, մարտի 2-ին Հայաստան կժամանեն մարզիչ Անդրեյ Շիշինի սաները, այդ թվում՝ Ռիլովը:
Սա ավանդական հավաք է լեռներում՝ նախքան պատասխանատու մեկնարկը, այս դեպքում խոսքը Ռուսաստանի առաջնության մասին է։ Հավաքը կտևի մինչև մարտի 18-ը, Շիշինի խումբը տուն կվերադառնա մի փոքր ուշ։
Մենք երկու մարզում ենք անցկացնելու, նախ՝ լողավազանում, ապա ցամաքում: Հավաքը կներառի նաև զբոսանքներ լեռներում, հանգիստ, սաունա և այլն»,- Սերգեյ Չեպիկի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-22-ը Կազանում կկայանա լողի Ռուսաստանի առաջնությունը։


