Համացանցում նոր թափով շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց արտադրական փուլում է «Շրեկ» մուլտֆիլմի հաջորդ մասը։ Պատճառն ինսայդեր Դանիել Ռիխտմանն է, որը Patreon-ի իր ալիքում գրել է, որ մուլտֆիլմի հինգերորդ մասն արդեն արտադրական փուլում է։
Նրա խոսքով՝ դերերին կվերադառնան Մայք Մայերսը (Շրեկ), Էդի Մերֆին (Ավանակ), Քեմերոն Դիասը (Ֆիոնա) և Անտոնիո Բանդերասը (Կոշկավոր կատուն)։
DreamWorks կինոստուդիան դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Ավելի վաղ «Շրեկ»-ի շարունակության մասին ակնարկել էր նաև Անտոնիո Բանդերասը, որը հնչյունավորում է Կոշկավոր կատվին։ Մասնավորապես, դեկտեմբերին «Կոշկավոր կատուն․ Վերջին ցանկությունը» (Puss in Boots: The Last Wish) անիմացիոն ֆիլմի ցուցադրության ժամանակ, որը համարվում է «Շրեկ» մուլտսերիալի սփին-օֆֆը և «Կոշկավոր կատուն» (2011) մուլտֆիլմի շարունակությունը, դերասանն ասել էր, որ իր հնչյունավորած կատուն ամենայն հավանականությամբ կվերադառնա մեծ էկրան և կհայտնվի Շրեկի մասին 5-րդ ֆիլմում։


