Ի՞նչ է տավտոլոգիան
Արդեն հիշված՝ ձևակերպված մտքի՝ հասկացության ավելորդ կրկնություն ուրիշ, բայց նման բառերով կամ արտահայտություններով, ավելորդ կրկնաբանություն:
Տավտոլոգիան կամ կրկնաբանությունը մի արտահայտության կամ նախադասության մեջ տարբեր բառերով նույն իմաստն արտահայտելն է, այսինքն՝ նույնիմաստ կամ մերձիմաստ բառերի անհարկի գործածությունը, ինչը համարվում է ոճական սխալ, խոսքային անփութություն։ Հայերենում տավտոլոգիայի տարածված օրինակներ են «էժան գներ», «բարետես արտաքին», «ամենալավագույն» բառերն ու արտահայտությունները։
Օրինակներն ավելի պարզ. «էժան» բառն արդեն ներառում է գին իմաստը, նշանակում է ցածր գին ունեցող, իսկ «էժան գին» արտահայտությունը, համապատասխանաբար, կնշանակի էժան գին ունեցող գին, ինչը, բնականաբար, անգրագետ ձևակերպում է։
«Ամենալավագույն» բառը հաճախ գործածվում է «լավ» ածականի գերադրական աստիճանն արտահայտելու համար, այնինչ «ամենա–» նախածանցն ու «–ագույն» վերջածանցը լրիվ նույն իմաստն ունեն, հետևաբար դրանք միաժամանակ գործածելու կարիք բնավ չկա։
Տերմինը
Հին հույները տավտոլոգիան անվանում էին պերիսոլոգիա (հին հունարեն περιττός – «լրացուցիչ») և բուտոլոգիա (Կիրենա թագավորի՝ Բաթթի անունից, որը կակազող բառեր էր կրկնում, կամ բանաստեղծ Բութ՝ ավելորդ երկարությունների սիրահար):

