Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Հունգարիայի Գրան պրին։ 23-ամյա մարզիկը կարիերայում առաջին հաղթանակն է տարել։
Բուդապեշտում կայացած մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է «Մաքլարենում» Պիաստրիի թիմակից, բրիտանացի Լանդո Նորիսը։ Եռյակը եզրափակել է աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գերմանական «Մերսեդեսից»։ Գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») գրավել է 5-րդ տեղը։
Այդ հաղթանակից հետո Պիաստրին վաստակել է 149 միավոր և ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի համար պայքարում առաջատարը շարունակում է մնալ Ֆերստապենը, որն ունի 265 միավոր։ Նորիսը 189 միավորով երկրորդն է, իսկ իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մոնեգասկ պիլոտ Շարլ Լեկլերը երրորդն է` 162։
Ավստրիական «Ռեդ Բուլը» 389 միավորով գլխավորում է Կոնստրուկտորների գավաթի պայքարը։ Եռյակում են նաև «Մաքլարենը» (338) ու «Սկուդերիա Ֆերարին» (322)։
Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան Պրին կայանալու է հուլիսի 28-ին Բելգիայում` Սպա Շրանկորշամի մրցուղում։


