Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, որն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կազմում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա երեկ վնասվածք է ստացել։ Աստված տա, որ Հենրիխը խաղա եզրափակիչում։ Սա շատ ու շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ժողովրդի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար։ Եթե նա հաղթի Չեմպիոնների լիգայում, հիանալի կլինի:
Եզրափակիչը մեկ խաղ է, միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Ես դիտում էի նրա հանդիպումները և երկրպագում էի Մխիթարյանին: Նա միանշանակ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Սա հայտնի էր դեռևս «Ինտերի»՝ եզրափակիչ դուրս գալուց առաջ։ Նա արդեն հաղթել է Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում։ Հենրիխը յուրահատուկ խաղացող է Հայաստանի համար»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ 34-ամյա կիսապաշտպանի վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունում հաղթել էր 3-0 հաշվով (2-0, 1-0) և եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս թիմերն առաջին խաղն ավարտել էին 1-1 հաշվով, պատասխան մրցավեճը տեղի կունենա մայիսի 17-ին Անգլիայում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հնարավորություն ունի խաղալու գլխավոր եվրագավաթի եզրափակիչում:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


