Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:
«Ցանկանում եմ, որ Արսեն Զախարյանը ներկայացնի Հայաստանի հավաքականը։ Գլխավորն այն է, որ նա սրտանց ցանկանա ներկայացնել մեր երկիրը։ Եթե դա տեղի ունենա, Արսենն անպայման որակ կհաղորդի մեր թիմին։ Չգիտեմ, արդյոք դա իրավաբանորեն հնարավոր է, բայց գլխավորն այն է, որ Արսենն ունենա Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն:
Ինչպես Սպերցյանը, այնպես էլ Զախարյանը, եթե անգամ իրենց դրսևորեն Հայաստանի հավաքականում, միևնույն է, հեռու կլինեն Մխիթարյանի մակարդակից: Հենրիխը եզակի է:
Ուրախ կլինեմ, եթե Արսենն ու Էդուարդը հասնեն հայկական ֆուտբոլի լեգենդի մակարդակին, բայց Մխիթարյանը դեռ խաղում է: Նա ցույց է տվել իր կարգը և դեռ ցույց է տալիս: Հայաստանի հավաքականում նոր Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու համար երկար տարիներ կպահանջվեն»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ 19-ամյա Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի հավաքական, որի կազմում անցկացրած 6 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:


