Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, 32-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է իր նախկին թիմի՝ Մոսկվայի «Սպարտակի» չեմպիոնության շանսերի մասին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
«Իհարկե, ես դիտում եմ «Սպարտակի» խաղերը։ Հիմա թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում, տեսա մի քանի նոր տրանսֆեր։ Նրանք պետք է աշխատեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ «Զենիթը» շատ լավ լեգեոնականներ ունի, ոչ ոք չի հեռացել։ Դժվար կլինի։ Բայց եթե մենք խոսում ենք «Սպարտակի» մասին, ապա շանս միշտ կա»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել էր 2013-2016 թվականներին:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մոսկովյան ակումբը 17 խաղից հետո 36 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որը գործող չեմպիոնն է: Առաջնությունը կվերսկսվի մարտի 3-ին։


