Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Ես բազմիցս ասել եմ, որ Սպերցանի համար կարևոր է առաջին քայլը կատարել դեպի Եվրոպա։ Միայն եվրոպական առաջնությունում առաջին փորձից հետո հնարավոր կլինի գնահատել նրա խաղը։
Իմ կարծիքով՝ Էդուարդը պետք է տեղափոխվի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»: Այս ամռանը Սպերցյանի՝ գերմանական թիմ տեղափոխությունն ամենաիրատեսական տարբերակն է, սակայն վերջնական որոշումը պետք է լինի խաղացողինը։ Էդիկը որակյալ ֆուտբոլիստ է, որը կարող է լավ տեղ գտնել կարիերան շարունակելու համար։ ՌՊԼ-ն այլևս լավ տարբերակ չէ զարգանալու համար, Սպերցյանը պետք է տեղափոխվի եվրոպական առաջնություն»,- 33-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ 23-ամյա Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը ճանաչվել էր նաև ՌՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան:
Հիշեցնենք, որ մայիսին ազատ գործակալի կարգավիճակում Մյոնխենգլադբախի «Բորուսիա» էր տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


