Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարծում է, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ, ռուսական «Կրասնոդարի» առաջատարներից Էդուարդ Սպերցյանը կարող է հաջողությամբ խաղալ Եվրոպայում:
«Էդուարդ Սպերցյանի հետ շփվել եմ նոյեմբերին ու ասել, որ նա մեկ ոտքով պետք է Եվրոպայում լինի: Դրա համար նրան անհրաժեշտ է ակումբ և լիգա: Վստահ եմ՝ Էդիկը վաղուց պատրաստ է խաղալ եվրոպական թոփ-5 լիգաներում: Նա բազմիցս ասել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս «Կրասնոդարում», սակայն շատ է ցանկանում ուժերը փորձել ուժեղագույն լիգաներում:
Կարծում եմ՝ նրան ամենաշատը կհամապատասխանեն Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունները: Հույս ունեմ՝ մեկ տարի անց իրավիճակը կփոխվի, սակայն նա պետք է շատ աշխատի ու ավելացնի յուրաքանչյուր օր»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 11 ասիստ:


