Logo

Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 31.07.2020ՄՇԱԿՈՒՅԹ
satnaaa - Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում
Նիկոլո Պագանինին իտալացի վիրտուոզ ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր է: Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը… Սակայն հաջողությունը երբեք միայնակ չի գալիս, իսկ տաղանդի հետևում, հաճախ, տարօրինակություններ, արատավոր սովորություններ ու բամբասանքներ են թաքնված։ Պագանինիի մասին ամենահետաքրքիրը՝ ստորև։

Հրաշամանուկը

Նիկոլո Պագանինին ծնվել է իտալական Ջենովա քաղաքում, 1782 թվականի հոկտեմբերը 27 – ին: Տղան Թերեզա և Անտոնիո Պագանինիների 6 երեխաներից մեկն էր: Երաժշտական առաջին կրթությունը ստացել է հորից, այնուհետև ուսանել է տեղի լավագույն երաժիշտներ մոտ: 1790 թվականից, ընդամենը ութ տարեկան հասակում Պագանինին սկսել է երաժշտական ելույթներ ունենալ ու հենց նույն թվականին հեղինակել է իր առաջին գործը։ Արդեն 1795 թվականին, երբ Նիկոլոն 13 տարեկան էր, Պարմայի երաժշտական դպրոցի ուսուցիչները հրաժարվել են կրթել նրան՝ պատճառաբանելով, որ այլևս ոչինչ չեն կարող տալ հրաշամանուկին։

Աշխատասիրությու՞ն, թե՞ ինքնակեղեքում

Վերոնշյալ դեպքից հետո սկսվում է Պագանինիի ինքնակրթության ճանապարհը. վերջինս, ի տարբերություն ուսուցիչների, վստահ էր, որ դեռ շատ բան ունի սովորելու։ Պագանինին դարձավ իր իսկ ամենախիստ ու պահանջկոտ ուսուցիչը. տղան նվագում էր օրական 15 ժամ շարունակ։ Այդ տիտանական աշխատանքի արդյունքները շատ շուտով իրենց պտուղները տվեցին՝ 1809 թվականից ի վեր սկսվեցին Նիկոլոյի համերգային շրջագայությունները, որտեղ դահլիճները միշտ լիքն էին…

«Պայմանագիր սատանայի հետ»

Պագանինին առեղծվածային կերպար էր՝ քայլող առասպել։ Առաջին հերթին մարդկանց շշմեցնում էր նրա արտաքինը, շատերն այդտեղ ինչ-որ սատանայական բան էին տեսնում։ Պագանինին խիստ նիհար ու գունատ էր, իսկ մատները չափազանց բարակ ու երկար էին. թվում էր՝ կրկնակի երկար հասարակ մարդու մատներից։ Շատերը վստահ էին՝ Պագանինին գործարքի մեջ է սատանայի հետ։ Պագանինիի անվան շուրջ նմանատիպ լեգենդները  սկսեցին առավել հաճախ հյուսվել, երբ համերգներից մեկի ընթացքում Նիկոլոն նվագում էր իր արագաշարժ ու հզոր գործերից մեկը, հանդիսատեսներից մեկը տեղից ցատկեց և սկսեց կիսախելագարի պես գոռալ՝ «ես տեսնում եմ, տեսնում եմ, թե ինչպես է սատանան օգնում նրան նվագել »…

Գիշերները՝ թղթախաղի սեղանի շուրջ

Պագանինի այլևս ամենահաջողակներից էր, նա անհավանական գումարներ էր վաստակում, սակայն… ինչպես վաստակում էր, այդպես էլ քամուն էր տալիս թղթախաղի սեղանի շուրջ ու շատ հաճախ մնում էր դատարկ գրպաններով։ Տարիներ անց՝ 1838 թվականին Պագանինին անհաջող փորձ արեց՝  Փարիզում խաղատուն բացելու։ Իսկ մի առիթով Նիկոլոն նույնիսկ ստիպված էր գրավ դնել սեփական ջութակը՝ պարտության պարտքերը մարելու համար։

Ի դեպ, ջութակի մասին…

Պագանինին տիրապետում էր անհավանական տեխնիկայի և ինչեր ասես, որ չէր բերում իր խեղճ ջութակի գլխին։ Երբեմն նա չափազանց շատ էր լարում ջութակի մի լարը, երբեմն էլ՝ ստեղծագործության մեծ մասը նվագում էր միայն մեկ լարի վրա՝ մյուս երեքը անողոք կտրելուց հետո: Ըստ Պագանինիի անվան շուրջ պտտվող պատմություններից մեկի, երաժշտի չարակամները մի անգամ՝ համերգից առաջ թուլացրին նրա ջութակի լարերը, և դրանք կտրվեցին համերգի ընթացքում: Պագանինին խուճապի չմատնվեց ու շարունակեց նվագել մեկ լարով… հանդիսատեսը զարմանքից քարացել էր։

Ցրված վիրտուոզը

Պագանինիի՝ ջութակի համար գրված ստեղծագործություններն աշխարհի ամենաբարդ երաժշտական գործերից են, դրանք շատ հաճախ չեն կարողանում նվագել անգամ ամենաանվանի երաժիշտները: Նիկոլոյի «Մենանվագ ջութակի 24 կապրիս»-ը մինչև այսօր համարվում են այն բարձունքը, որին ձգտում են վիրտուոզ-ջութակահարները: Սակայն ինքը՝ Պագանինին, նվագում էր դրանք զարմանալի թեթևությամբ ու հեշտությամբ: Հանդիսատեսի մի մասին թվում էր, թե ինչ-որ տեղ թաքնված է երկրորդ ջութակահարը և նվագում է նրա հետ միաժամանակ: Դե, իսկ մեկ այլ մասը հակված էր կարծելու, որ ջութակահարին օգնության են գալիս խավարի ուժերը։ Այուհանդերձ, Պագանինին չափազանց ցրված ու մոռացկոտ էր: Նա անգամ չէր հիշում, թե որ թվականին է ծնվել, և ասում էր, որ իր հիշողությունը ոչ թե իր գլխում է, այլ մատների մեջ, երբ դրանք բռնում են ջութակը…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ