2022-ը հարուստ տարի էր՝ լավ կինոյի առումով։ Ընդ որում, կինոստուդիաներն իրենց հրաշալի ֆիլմերով ուրախացնում էին թե՛ մեծ էկրաններին, և թե՛ սթրիմինգային ծառայություններով։ Եթե արդարացի լինենք, 2022-ի համար կարելի է հավաքել առնվազն 50 ֆիլմ` արժանի լավագույնների ցանկում ընդգրկվելու համար, սակայն մենք կպատմենք մեր սուբյեկտիվ թոփ-12-ի մասին։
Եվ, այսպես․
12. «Ֆաբելմանները», (The Fabelmans), ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ, Universal Pictures/ Amblin Entertainment

Լեգենդար ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմը նույն հաջողությամբ կարող էր կոչվել «Սփիլբերգներ», որովհետև այն հիմնված է ռեժիսորի պատանեկան հիշողությունների, կինոյի կախարդական աշխարհ մուտք գործելու և ընտանիքի ներսում իրադարձությունների մասին հիշողությունների վրա: Սփիլբերգի հայրը հայտնի ինժեներ էր, մարդ, որը կանգնած էր համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման հիմքերում, իսկ մայրը դաշնակահարուհի էր, արվեստի մարդ: Հենց գիտության ու արվեստի, ռացիոնալի ու իռացիոնալի, զսպվածության ու կրքի բախման մասին է Սփիլբերգի նոր ֆիլմը՝ համեմված կինոյի նկատմամբ ջերմ ու նուրբ սիրով:
Կարող եք կարդալ՝
Հայտնի են «Ոսկե գլոբուսի» նոմինանտները
11. «Կարոտի երեք հազար տարին», (Three Thousand Years of Longing), ռեժիսոր Ջորջ Միլլեր, Metro-Goldwyn-Mayer/ FilmNation Entertainment

21-րդ դարի լավագույն ֆիլմերից մեկը` «Խելահեղ Մաքսը. Ցասման ուղին» (Mad Max: Fury Road) նկարած Ջորջ Միլլերի ֆենթեզի դրաման հիմնված է Անտոնիա Սյուզեն Բայեթի պատմվածքի վրա։ Ամբողջ ֆիլմը հիմն ու փառքի երգ է` ուղղված նարրատիվին, պատմություններին և դիցաբանությանը։ Սա անսահման սիրուն, փառահեղ ռեժիսորական ու օպերատորական աշխատանքով, սքանչելի երաժշտությամբ ու Միլլերին հատուկ` միջավայրի գեղարվեստական մշակման մանրուքների նկատմամբ ուշադրությամբ ժամանակակից պոստմոդեռնիստական հեքիաթ է, որը գովաբանում է մարդուն, հրաշք է համարում մարդուն ու նրա կարողությունները։ Ցինիզմի ու պեսիմիզմի ժամանակաշրջանում նման լավատեսական կինոն իրոք բացառիկ երևույթ է։
10. «Գերբնական․ Նշաններ», (Something in the Dirt), ռեժիսորներ Ջասթին Բենսոն, Աարոն Մուրհեդ, XYZ Films/ Rustic Films

Հիանալի Resolution-ը, աննկարագրելի The Endless-ն ու խորհրդավոր Synchronic-ը հեղինակած ռեժիսորական դուետի նոր ֆիլմի մասին խոսելը, այն նկարագրելը կամ բնորոշելը շատ բարդ է, ավելի ճիշտ է ուղղակի զգալ, սուզվել ոչ տրիվիալ պատմության, հնարամիտ դիալոգների վրա կառուցված այս խելացի գիտական ֆանտաստիկայի ասելիքի մեջ, որը, մի կողմից, հիմն է՝ ուղղված մեզ շրջապատող աշխարհի բարդությանն ու տարօրինակությանը, մյուս կողմից սիրո ջերմ խոստովանություն կինո ստեղծելուն ու կինոյի միջոցով պատմություն պատմելուն` սկսած այդ պատմությունը գտնելուց մինչև այն վերջնական տեսքի բերելը։ Սա ծայրահեղ կամերային, ծայրահեղ տարօրինակ ու գրավիչ ֆիլմ է։
9. «Արևմտյան ճակատում նորություն չկա«, (Im Westen nichts Neues), ռեժիսոր Էդվարդ Բերգեր, Netflix/ Amusement Park

Էրիխ Մարիա Ռեմարկի հավերժական հակապատերազմական վեպը մինչ այս էկրանավորվել էր երկու անգամ, բայց ոչ երբեք գրքի գլխավոր շահառուների` գերմանացիների կողմից։ Հիմա, երբ մարդկությունը կանգնած է հերթական անիմաստ մսաղացի վտանգի առաջ, վեպի համոզիչ էկրանավորումը հենց գերմանացիների ձեռամբ առավել քան արդիական է։ Ու, ի պատիվ Էդվարդ Բերգերի ու այս հակապատերազմական էպիկի հեղինակների, իրենց մոտ շատ լավ է ստացվել։
Բերգերը կարողացել է ոչ միայն հավատարիմ մնալ սկզբնաղբյուրին, այլև արդիականացնել պատումը` սա հերոսական պատմություն չէ թշնամուն հաղթելու ու մահվան նկատմամբ գերակայության մասին, ֆիլմն առավելագույնս մանրակրկիտ, չթաքցնելով պատերազմի դաժանության անատոմիական ու էմոցիոնալ մանրամասները, խոսում է այդ զարհուրելի (սակայն, անխուսափելի ու բնական) երևույթի անիմաստության մասին։ Առանձին պետք է նշել հիմնականում սկսնակ դերակատարների հիանալի դերասանական պարտիաները, օպերատորական աշխատանքը, որը չի խորշում առավել անհարմար մանրամասներ ցույց տալուց, ինչպես նաև վարպետորեն արված բեմադրությունը։
8. «Բարբարոս», (Barbarian), ռեժիսոր Զաք Քրեգգեր, 20th Century Studios/ Regency Enterprises

Լավ հումորիստներից լավ ոչ ոք հորրոր կամ հոգեբանական թրիլլեր չի նկարում։ Հայտնի The Whitest Kids U' Know (WKUK) կատակերգական խմբի անդամ Զաք Քրեգգերը ստեղծել է նախորդ տարվա ամենատպավորիչ սլեշերը։ Barbarian-ի մասին շատ դժվար է ինչ-որ կոնկրետ բան խոսել` առանց սփոյլելու ու սյուժետային թվիստերը բացահայտելու։ Միայն կասենք, որ սա սուր սոցիալական երգիծանքով համեմված, տնտեսական, հասարակական ու սոցիալական ախտերը անխնա ծաղրող, անդադար զարմացնող, հրաշալի բեմադրված, խելացի հորրոր է, որը, միանշանակ, տարվա լավագույնների շարքում է։
7. RRR, ռեժիսոր Ս. Ս. Ռաջամուլի, DVV Entertainment

Հնդկաստանում էպիկական մասշտաբների կինո կարողանում են նկարել, բայց այս աղմկոտ բլոկբաստերն ուղղակի հերթական էպիկը չէ, սա ավելի շատ ազգային ազատագրական պայքարը կինեմատոգրաֆիկ դյուցազնավեպի վերածելու խիստ հաջողված փորձ է։ Լինելով, միաժամանակ, դասական հնդկական կինո՝ իր ռիթմով, էներգետիկայով, խայտաբղետ գույներով ու կատաղի մասկուլինությամբ՝ RRR-ն նաև ավելին է, քան ուղղակի հնդկական կինոն, ահա թե ինչու են այն խիստ ջերմ ընդունել նաև Արևմուտքում, որը, մեր մեջ ասած, ֆիլմի գլխավոր հավաքական չարագործն է։ Պատճառը լավ մտածված սյուժեն է, հրաշալի դերասանական խաղն ու աննկարագրելի էքշնը՝ համադրված հնդկական կինոյին հատուկ գերէմոցիոնալության հետ։ Հրաշալի բաղադրատոմս է։
6. «Հյուսիսցին», (The Northman), ռեժիսոր Ռոբերտ Էգգերս, Universal Pictures/ Focus Features/ Regency Enterprises

Հյուսիսատլանտյան մռայլ ու ծանր ամպերը կախված են անհյուրընկալ լանդշաֆտի վրա: Անդադար ալեկոծվող օվկիանոսը, սառը քամիներն ու երկրի ընդերքի ցնցումները, դուրս հորդող լավան դաստիարակում ու ձևավորում են նույնքան խիստ ու կոշտ մարդկանց, նրանց հավատալիքները, որոնք սկիզբ են առնում գիտակցության այն խտոնիկ անդունդներից, որոնց ճամփան ոչ բոլորին է հասու, որի վրա ոչ բոլորը կարող են ոտք դնել, որի ուղիները ոչ բոլորը կհասկանան: The Witch-ից ու The Lighthouse-ից հետո արդեն իսկ կենդանի դասական դարձած, 38-ամյա ռեժիսոր Ռոբերտ Էգգերսի The Northman-ը հետազոտում է հենց այդ խտոնիկ անդունդը և ունի նույն այդ անդունդի հատկությունը՝ անսահման, անդիմադրելի, անկասելի մի ուժ, որը կա՛մ քեզ ոտքի տակի ամրության, գետնի զգացումից կկտրի, կա՛մ լրիվ նոր փորձառություն, նոր հայտնություն կտա:
The Northman-ն ավանդազրույց է ամենաուղիղ ու առաջնաստեղծ իմաստով. 9-րդ դարի հյուսիսային ժողովուրդների կենցաղի, մշակութային ու սոցիալական պատկերացումների ճշգրիտ նկարագրությունը միախառնված է նրանց իսկ դիցաբանական ընկալումների հետ: Այն, ինչ տեսնում ու զգում է գլխավոր հերոսը, իրական ու շոշափելի է իր աշխարհում, իսկ 21-րդ դարի մարդու համար դիմացկունությանն առնչվող էքսկուրս է, որի ընթացքում կա՛մ կնայես անդունդի մեջ ու առաջ կգնաս, կա՛մ էլ անդունդը կնայի քեզ ու կկլանի: Գրեթե նույնն, ինչ Էգգերսի մյուս ֆիլմերում. ռեժիսորը մշտապես դիմում է Բնության նախապատմական ուժերին, հարցերն ուղղում է դրանց ու պատասխաններն էլ ստանում դրանցից: Ինչի շնորհիվ The Northman-ը նման է հրաբխի, նման է ալեկոծվող օվկիանոսի, նման է ամպրոպի ու երկրաշարժի, գայլերի ոհմակի, սա ոչ թե ուղղակի կինո է, այլ տարերային ուժ, որի ամեն կադրը պատրաստ է այրել, սառեցնել, խեղդել:
Փառահեղ ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի ու դերասանական աննկարագրելի պարտիաների շնորհիվ The Northman-ը գրավում է ու վախեցնում միաժամանակ, զարմացնում է, հիացնում՝ միաժամանակ ճնշելով ու ի վերջո հաշտեցման գնալով կինոդիտողի հետ:
5. «Թոփ Գան. Մավերիք», (Top Gun: Maverick), ռեժիսոր Ջոզեֆ Կրասինսկի, Paramount Pictures/ Jerry Bruckheimer Films/ Skydance Productions

Կրասինսկին հիանալի վիզիոներ է։ Նա կարող է լրիվ նոր շունչ հաղորդել արդեն մոռացված գիտական ֆանտաստիկային (Trone: Legacy), աննկարագրելի վիզուալի միջոցով պատմել այլմոլորակային օկուպացիայի մասին (Oblivion), կամ նկարել խորը դրամա հրշեջների հերոսության մասին։ Լուսահոգի Թոնի Սքոթի «Թոփ Գանը», որը ժամանակին մեծապես նպաստել էր ԱՄՆ զինված ուժերը երիտասարդ կադրերով համալրելուն, 36 տարի անց ստացավ իր շարունակությունը, որը զգալիորեն գերազանցում է օրիգինալին բոլոր առումներով։ Սա ադրենալինի կծիկ ֆիլմ է, ֆիլմ փոթորիկ, որը, դրա հետ մեկտեղ, կարողանում է հանդես գալ որպես դրամատիկ պատում սերունդների պայքարի, ընկերության ու հայրենասիրության մասին։
4. «Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն», (Guillermo Del Toro's Pinocchio), ռեժիսոր Գիլյերմո Դել Տորո, Netflix/ Double Dare You!/ShadowMachine/The Jim Henson Company

Ժամանակակից գլխավոր կինոկախարդներից Գիլյերմո Դել Տորոն վերցրել է Կառլո Կոլոդիի դասական հեքիաթն ու վերածել խորը դրամատիզմով մռայլ խրատական պատմության ծնողական սիրո, հաշտվելու, պատերազմի ու ֆաշիզմի սարսափելիության մասին։ Սա իդեալական նկարված, ծայրահեղ զգացմունքային, միաժամանակ հրաշալի հումորով ֆիլմ է, տարվա ամենավառ տպավորություններից մեկը։
3. «Ամեն ինչ, ամենուր ու միանգամից», (Everything Everywhere All at Once), ռեժիսորներ The Daniels, A24/ IAC Films

Պոստ-պոստմոդեռնիզմի դարաշրջանը մշակույթում, գիտական ավելի լայն պատկերացումների հետ մեկտեղ, որոնք սկիզբ էին առել դեռ նախորդ դարի 60-70-ականներին, պարարտ հող էին ստեղծել ընկալումների համար, համաձայն որոնց Տիեզերքն, իրականում, շատ ավելին մեծ ու բարդ, անպատկերացնելի ու անընկալելի մի տեղ է։ Ու այս Տիեզերքում մարդու միակ ճակատագրի, կյանքի ուղու մասին ինտուիտիվ պատկերացումը փոխարինվեց բոլոր հնարավոր ուղիների իրական գոյությունով։ Կյանքը, որ մեզ տրված է, ընտրությունները, որ մենք կատարում ենք, որոշումները, որ կայացնում ենք, ընդամենը կաթիլ են անվերջ քանակի իրականում գոյություն ունեցող ալտերնատիվների անսահման օվկիանոսում։
Ու անգամ եթե իրական ֆիզիկական աշխարհը մուլտիվերս չէ, աշխարհը, որը գոյություն ունի մեր ընկալման մեջ, աշխարհի մեր ընկալման մեջ, սիմուլյացիան, որը մեր բանականությունը կառուցում է սենսորային մուտքերի հիման վրա ու անվանում այն «իրականություն», ամբողջությամբ մուլտիվերս է, ու այդ հանգամանքը շատ ավելի հարուստ ու բարդ ստեղծագործական հնարավորություններ է տալիս։ Everything Everywhere All at Once-ը երիտասարդ ռեժիսորական դուետի կողմից (որն իրեն անվանում է ուղղակի՝ The Daniels) այդ հնարավորության լիարժեք կիրառման հիանալի մի փորձ է։
Սա գունագեղ, բազմաշերտ, խայտաբղետ, բացարձակ խելագար (լավ իմաստով), մարդկային երևակայության մի վառ դրսևորում է, փիլիսոփայական պատում՝ Միշել Յեոյի ու Ջեյմի Լի Քերթիսի աննկարագրելի խաղով, բազում հղումներով, ռեժիսորական խելահեղ հնարքներով ու Չեքի Չանի վաղ ֆիլմերի ոճով արևելյան մարտարվեստի տեսարաններով։
2. «Ինիշերինի բանշիները», The Banshees of Inisherin, ռեժիսոր Մարտին Մակդոնա, Searchlight Pictures/ Film4 Productions/ TSG Entertainment

1920-ական թվականներին, երբ Իռլանդիայում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, բուն թատերաբեմից որոշակի հեռավորության վրա գտնվող քնկոտ կղզում բռնկվում է ևս մի դրամա երկու ընկերների միջև: Տրագիկոմեդիաների մեծ վարպետ Մարտին Մակդոնան այս տարվա գլխավոր «Օսկարի» ամենաարժանի հավակնորդն է. սեփական պիեսի հիման վրա նկարված կամերային ֆիլմը, իռլանդական անտուրաժում, քաղաքացիական պատերազմի ալեգորիա է, քաղաքացիական պատերազմի ու, ընդհանրապես, պատերազմի անիմաստության ու իռացիոնալության մասին: Քոլին Ֆարելի ու Բրենդան Գլիսոնի հիանալի դերասանական պարտիաները, վարպետորեն արված բեմադրությունը, հրաշալի երկխոսություններն այս ֆիլմի դիտումը դարձնում են անմոռանալի:
1. «Ավատար. Ջրի ուղին», Avatar: The Way of Water, ռեժիսոր Ջեյմս Քեմերոն, 20th Century Studios/ Lightstorm Entertainment/ TSG Entertainment

Սուբյեկտիվ թոփի առաջին տեղում 2008-ին էկրաններ բարձրացած «Ավատարի» սիքվելն է: 14 տարի շարունակ զարգացնելով տեխնոլոգիաներն ու մշակելով սեփական աշխարհի՝ Պանդորայի առանձնահատկությունները` Ջեյմս Քեմերոնը հանդիսատեսին վերադարձնում է այդ աշխարհ, վերադարձնում՝ գրեթե բառի բուն իմաստով, որովհետև դիտման ընթացքում ոչ մի վայրկյան կասկած չի առաջանում, որ այն, ինչ տեսնում ես, իրական է: Միաժամանակ, վիզուալ շքեղ այս ուղևորությունը վերականգնում է հավատը եռաչափ մեծ կինոյի նկատմամբ. եթե որոշել եք վայելել տարվա լավագույն ֆիլմը, ապա միայն ու բացառապես մեծ էկրանին ու 3D-ով:
Կարող եք կարդալ ֆիլմի վերաբերյալ VNews Culture-ի ռեվյուն՝


