Logo

Ինչո՞ւ Կոկո և ինչո՞ւ Շանել. փաստեր և թևավոր խոսքեր «նորաձևության կնքամորից»

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 19.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Կինը, երբ փոխում է սանրվածքը, պատրաստ է փոխելու իր կյանքը»:

Հայտնի արտահայտությունը, որը հաճախ է հանդիպում սոցկայքերում և կանանց ամենասիրելին է, պատկանում է «նորաձևության կնքամայր» Կոկո Շանելին:

Գաբրիել անունով սովորական մի աղջնակ ՝ ծնված գյուղացու և վաճառականի աղքատ ընտանիքում, ավելի ուշ մանկատանը հայտնված, կերտում է Կոկո Շանելի այն կերպարը, որն այսօր հայտնի է բոլորիս:

Երբ Կոկոն դեռ Գաբրիել էր, աշխարհը տղամարդկանց էր պատկանում, ինչպես հայտնի երգում, նորաձևության ասպարեզում տղամարդիկ էին դոմինանտ: Գաբրիելը կոտրեց բոլոր կարծրատիպերը, ինքնաարտահայտման համար սկսեց օգտագործել տղամարդկանց զգեստապահարանի նմուշներ: Տղամարդկանց մասին խոսելիս նա ասել է՝ 

«Տղամարդը կարող է հագնել՝ ինչ կամենա, միևնույն է՝ նա ընդամենը կնոջ աքսեսուարներից մեկն է»:

Իհարկե, հասարակությունն անմիջապես չգնահատեց Կոկոյի լավագույն դրական գյուտերը: Ո՞վ կմտածեր, որ իր հաջողության բանալին նույնքան պարզ է, որքան կանանց՝ սեփական հագուստի մեջ գործելու հնարավորության ձեռքբերումը: Նա համապատասխանեցրեց կանանց հագուստն իրենց իսկ սեփական մարմնին՝ ստեղծելով շքեղ կնոջ կերպար: 

Իր օրինակով Շանելը ոգեշնչում էր կանանց ունենալ տղամարդկանց նման կարճ մազեր, կրել սպորտային թեթև մարզահագուստ՝  նորաձև կորսետների փոխարեն: Մեկ բառով ասած՝ նա հարմարավետություն մտցրեց կանանց զգեստապահարանում՝ ոչ մի բարձիկ, ոչ մի անհարմար գրպան, ոչ մի կիպ պարանոցային գոտի: Ամենը պետք է լիներ գեղեցիկ և հարմար յուրաքանչյուր անհատի համար:

Կանայք երբեք չպետք է ընտրություն կատարեն գեղեցիկ տեսք ունենալու և ազատ զգալու միջև: 

Նրա ազդեցությունը միայն հագուստին չէր վերաբերում, նա չէր խաղում ոչ ոքի կանոններով, այլ սեփական ինտուիցիայով, սեփական նախաձեռնությամբ և ոգով էր առաջնորդվում: 

Կոկո Շանելը նորաձևության աշխարհ մուտք գործեց՝ գլխարկներ նախագծելով: Եվ միայն հաջողելուց հետո որոշեց հագուստի դիզայնով և վաճառքով զբաղվել: 1919 թվականին Շանելը ստեղծեց հայտնի «փոքրիկ սև զգեստը»՝ գտնվելով խորը դեպրեսիայի հոգեվիճակում: Ընկերոջ հոգեհանգստի արարողության ժամանակ, մի քանի րոպե գտնվելով սև մռայլ սենյակում՝ հագին նույնպես սև զգեստ, Շանելը ոգեշնչվեց և սկիզբ դրեց իր ամենահայտնի ստեղծագործությանը: Ավելի ուշ՝ 1961-ին, Օդրի Հեփբերնը, «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում կրելով փոքրիկ սև զգեստը, դարձրեց այն դասական: Մինչ օրս այն լավագույն տարբերակն է ցանկացած առիթի և դասի համար:

Կոկո Շանելի նվաճումներից են զարդերն ու ծաղիկների բույրերից ստացված օծանելիքը՝ Chanel-ը, որն իր ուրույն տեղն ունի հազարավոր բույրերի մեջ: 

Առանձնացրել ենք մի քանի կարևոր փաստ «նորաձության կնքամոր» կյանքից՝


•    Նախքան նորաձության ոլորտ մուտք գործելը, Շանելը կաբարե երգչուհի էր և գումար էր վաստակում սրճարաններում երգելով:
•    Շանելը ձեռք է բերել իր «Կոկո» մականունը երգելու տարիներին՝ «Ko Ko Ri» և «Qui qu'a vu Coco» երգերի շնորհիվ: Իսկ ազգանունը պետք է հնչեր ոչ թե «Շանել», այլ «Շանսել». այսպես են գրանցել նորածին Գաբրիելին գրանցամատյանում։
•    30 տարի շարունակ ապրել է փարիզյան Ritz ամենաշքեղ հյուրանոցում, որտեղ էլ 1971թ․-ին 87 տարեկանում մահացել է:
•    Չնայած այն հանգամանքին, որ Chanel ապրանքանիշի համար խորհրդանշական են կարմիրը, բեժն ու ոսկեգույնը, Շանելի սիրելի գույնը սևն էր. Նա կարծում էր՝ չկա ավելի դասական, պարզ, բայց միաժամանակ պայծառ գույն, քան սևն է, ու հագուստ, քան սև դասական փոքրիկ զգեստը:
•    Շանելի սիրելի թիվը 5-ն էր. պատահական չէ, որ 1921 թվականի մայիսի 5-ին Կոկոն ստեղծեց Chanel N5 բույրը: 

Յուրաքանչյուր կին գեթ մեկ անգամ պետք է ականջալուր լինի Կոկո Շանելի այս թևավոր խոսքերին՝

•    Կինը, որը չի օգտագործում կոսմետիկա, չափազանց մեծ կարծիք ունի իր մասին:
•    Չկան տգեղ կանայք, կան ուղղակի ծույլ կանայք:
•    Ուզես, թե չուզես, տղամարդու կյանքում միայն մի կին կա. մնացած բոլորը նրա ստվերներն են...
•    Անփոխարինելի լինելու համար անհրաժեշտ է անդադար փոփոխվել:
•    Ոչինչ չի ծերացնում կնոջն այնքան, որքան չափից դուրս «հարուստ» կոստյումը:
•    Որքան վատ են կնոջ գործերը, այնքան ավելի լավ տեսք պետք է ունենա նա:
•    Էլեգանտ լինել նշանակում է գեղեցիկ լինել թե՛ դրսից, թե՛ ներսից:
•    Հաջողության են հասնում այն մարդիկ, որոնք գիտեն՝ ձախողումն անխուսափելի է:
•    Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է երկու բան իմանա՝ ինչ և ում է ուզում։
•    Ամենակարևորը կնոջ համար անընդհատ աշխատելն է։ Միայն աշխատանքն է հոգու կենսուրախություն առաջացնում, իսկ հոգին, իր հերթին, հոգ է տանում մարմնի մասին։
•    Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցն անձնագիրն է, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը:
•    Պարադոքս է՝ որքան հիմար ու միջակ է տղամարդը, այնքան ավելի մեծ են նրա պահանջները կնոջ հանդեպ։
•    Մի՛ վատնեք ձեր ժամանակը պատը ծեծելով՝ հուսալով, որ այն կվերածվի դռան:
•    Մի՛ ամուսնացեք տղամարդու հետ, որը մանրադրամի համար դրամապանակ ունի:
•    Ինձ չի հետաքրքրում, թե դուք ինչ եք մտածում իմ մասին։ Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում։

Եվ, վերջում, ցանկանում ենք ամփոփել ապրելու մասին նրա հետևյալ խոսքերով՝ 

Ես երիտասարդ չեմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Այն օրը, երբ ես ինձ ծեր զգամ, կգնամ քնելու, կմնամ սենյակում: Կարծում եմ՝ ապրելը հիասքանչ է․․․ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ