Logo

Պատմական նվաճման ձգտող Արգենտինան, տիտղոսների քաղց ունեցող Բրազիլիան ու մյուս թիմերը․ Մեկնարկում է Կոպա Ամերիկան

Հեղինակ
Էդմոն Մարտիրոսյան
18:17 / 20.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մինչ Գերմանիայում թափ է հավաքում Եվրո-2024-ը, մեկ այլ մայրցամաքում պատրաստվում են պայքարի մեջ մտնել մյուս թոփ հավաքականները։ Արդեն ժամեր անց ԱՄՆ-ում կմեկնարկի ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ մրցաշարերից մեկը՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը թվով 48-րդն է։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը ցանկանում է պատմություն կերտել, Դորիվալ Ժունիորը պայքարում է Բրազիլիային ոտքի կանգնեցնելու համար, Մարսելո Բիելսան փորձում է վերադարձնել Ուրուգվայի նախկին ներուժը, Կոլումբիան էլ ձգտում է երկարացնել անպարտելիության շարքը:

FastNews-ը ներկայացնում է Կոպա Ամերիկայի մասնակից հավաքականներին:

A խումբ 

Բացման խաղում կմրցեն Արգենտինայի ու Կանադայի ազգային թիմերը, որոնք նախկինում հանդիպել են ընդամենը 1 անգամ. 2010 թվականին Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 5 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: Նախորդ Կոպայում արգենտինացիները հրաշալի տպավորություն թողեցին ու եզրափակիչում էլ նվազագույն հաշվով առավելության հասան Բրազիլիայի հավաքականի հետ պայքարում: Այդ տիտղոսն առաջինն էր Լեո Մեսիի համար «Ալբիսելեստեի» կազմում:

Կոպա Ամերիկայի 2021 թվականի խաղարկությունում բոլորը մտածում էին՝ արդյո՞ք Արգենտինայի հավաքականը կկարողանա տիտղոս նվաճել Մեսիի ժամանակաշրջանում: Հիմա հարցադրումը փոխվել է՝ արդյո՞ք Արգենտինան կդառնա հարավամերիկյան առաջին թիմը, որը հերթով, շարքով և կարգով նվաճած կլինի 3 անընդմեջ խոշոր տիտղոս: Լիոնել Սկալոնիի թիմը Կոպայի տիրակալն է ու աշխարհի չեմպիոնը. ևս մեկ ավար ու Մեսին և ընկերները կհավերժանան ֆուտբոլի պատմության մեջ:

Արգենտինայի հավաքականում մոտիվացիայի, համախմբվածության ու կենտրոնացման պակաս չկա: Կան խոսակցություններ, որ Կոպա Ամերիկայի ավարտից հետո 36-ամյա Մեսին կարող է հրաժեշտ տալ հավաքականին: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է վստահ լինել, որ արգենտինացիները խաղալու են հավելյալ էներգիայով՝ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին տիտղոսով ճանապարհելու համար:

Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում էլ Արգենտինայի հավաքականը գլխավոր ֆավորիտն է: Արգենտինացիները Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ հրաշալի ֆուտբոլ են խաղում, ու այն փաստը, որ թիմը վերջին 4 տարիներին ընդամենը 2 պարտություն է կրել, խոսում է ուժեղ ու կայուն լինելու մասին: ԱԱ-2022-ում «Կապտասպիտակները» միասնական գործեցին ու հասան իրենց նպատակին: Դրանից հետո Արգենտինայի հավաքականն ընդամենը 1 պարտություն է կրել՝  0-2 հաշվով զիջելով Մարսելո Բիելսայի գլխավորած Ուրուգվայի թիմին:

Նախկինում Կոպա Ամերիկան մրցաշար էր, որին մասնակցում էին միայն Հարավային Ամերիկայի երկրների հավաքականները, բայց արդեն հաճախ մրցաշարն ունենում է «հյուր» թիմեր: Կանադան այդ թիմերից մեկն է, որն առաջին անգամ է մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Կանադայի հաավաքակնում հանդես են գալիս բավական երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստներ՝ Ալֆոնսո Դևիս, Թեյջոն Բյուկենեն, Իսմայել Կոնե, Ջոնաթան Դեյվիդ. նրանք Կանադայի հավաքականի ծագած և ծագող աստղերն են, որոնք կարող են լուրջ սպառնալիք լինել մրցակիցների համար: Այս թիմում է հանդես գալիս նաև «Մալյորկայի» 29-ամյա հարձակվող Քայլ Լարինը, որը նույնպես բարձր հատկանիշներով օժտված խաղացող է:

A խմբում են նաև Չիլիի ու Պերուի ազգային թիմերը: 2015 և 2016 թվականներին Ամերիկայի գավաթի խաղարկությունը հաղթած Չիլիի հավաքականը կորցրել է երբեմնի ուժն ու կայունությունը, բայց դա չի նշանակում, որ թիմը հեռուն գնացող նպատակներ չունի: Վերջին ընկերական խաղերում էլ չիլիացիները տարել են 2 հաղթանակ ու կրել 1 պարտություն՝ 2-3 հաշվով զիջելով Ֆրանսիայի հավաքականին: Պերուի հավաքականն էլ միշտ դասվել է հարավամերիկյան ամուր թիմերի շարքին: Պերուացիներն Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկությունում հասան մինչև կիսաեզրափակիչ ու 0-1 հաշվով պարտվեցին Բրազիլիայի թիմին: Պերուի հավաքանաից այս տարի էլ սպասելիքներ կան:

B խումբ

Այս խմբում են Էկվադորի, Վենեսուելայի, Ճամայկայի ու Մեքսիկայի հավաքականները:

Խմբից առաջին տեղով դուրս գալու ֆավորիտը Մեքսիկան է: Սա լինելու է մեքսիկացիների 11-րդ մասնակցությունը Կոպա Ամերիկային: Նախորդ անգամ Մեքսիկայի հավաքականը մրցաշարում եղել է 2016 թվականին: «Էլ Տրիկոլորը» շատ հանգիստ, առանց խնդիրների հաղթահարեց խմբային փուլն ու բախվեց Չիլիին և պարտվեց 0-7 հաշվով: Ցավոտ անհաջողությունից 8 տարի անց Մեքսիկայի հավաքականը կրկին Ամերիկայի գավաթի խաղարկությում է: Մեքսիկացիները վերջին 3 խաղում 2 պարտություն են կրել ու տարել են 1 հաղթանակ:

B խմբից փլեյ-օֆֆ հասնելու երկրորդ հավակնորդն Էկվադորի թիմն է: Պրեսյադոյի, Հինկապիեյի, Կայսեդոյի, Սարմիենտոյի ու Վալենսիայի հետ այս հավաքականը կարող է լուրջ պայքար առաջարկել մրցակիցներին:

C խումբ

Մարսելո Բիելսայի գլխավորած Ուրուգվայի հավաքականը շատերի կարծիքով կարող է դառնալ մրցաշարի գլխավոր բացահայտումը: 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում ուրուգվայցիները վերջին 3 խաղում տարել են նույնքան հաղթանակ, դարպասը պահել անառիկ և առավելության հասել Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականների հետ պայքարում: Մարսելո Բիելսան իմաստուն մասնագետ է ու կարողացել է կարճ ժամանակահատվածում նոր համակարգ ներդնել թիմում: Ուրուգվայի հավաքականը ցուցադրում է բավական գրավիչ ֆուտբոլ ու միանշանակ մրցաշարում հաջողելու ֆավորիտներից է:

Այս խմբում են նաև Բոլիվիայի, ԱՄՆ-ի ու Պանամայի հավաքականները: Ամենայն հավանականությամբ, փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի համար պայքար կծավալվի Բոլիվիայի ու ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերն իր տրամադրության տակ ունի շատ ուժեղ կազմ: Ամերիկյան հայտացուցակում ընդգրկված 26 ֆուտբոլիստներից 18-ը հանդես են գալիս եվրոպական առաջատար 6 լիգաներում: ԱՄՆ-ի հավաքականն առաջին անգամ է նման կազմով մասնակցում խոշոր մրցաշարի ու կարող է լինել Կոպա Ամերիկայի այս խաղարկության անակնկալ մատուցողներից մեկը: Այս կոլեկտիվը նախորդ անգամ Կոպա Ամերիկային մասնակցել է 2016 թվականին, հասել է մինչև կիսաեզրափակիչ ու 0-4 հաշվով պարտվել է Արգենտինայի հավաքականին:

Բոլիվիայի հավաքականն Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկությունում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Պանամայի հավաքականը միայն երկրորդ անգամ է մասնակցելու մրցաշարին: 2016 թվականին Պանամայի թիմը նույն խմբում էր Արգենտինայի, Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ և ինչ-որ հաջողության գրանցել չկարողացավ: Պանամացիները վաստակեցին 3 միավոր ու չկարողացան նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

D խումբ

D խմբում է ընդգրկված Կոպա Ամերիկայի 9-ակի հաղթող Բրազիլիայի հավաքականը: Վերջին շրջանում «Պենտակամպեոնները» զբաղված են դժվարություններ հաղթահարելով: Ֆեռնանդո Դինիզի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը շատ վատ անցկացրեց ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին հանդիպումները: Թիմը կրեց 3 անընդմեջ պարտություն ու 6 խաղից հետո ընդամենը 7 միավորով 6-րդ տեղում է: Բրազիլիայի հավաքականում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն, թիմը գլխավորեց Դորիվալ Ժունիորը, որի հետ բրազիլացիները դեռ պաշտոնական հանդիպում չեն անցակցրել. 4 ընկերական խաղ, 2 հաղթանակ և նույնքան ոչ-ոքի արդյունք:

Բրազիլիայի հավաքականն ամենաթանկարժեք կազմն ունի Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում: Այստեղ են հանդես գալիս համաշխարհային մակարդակի գերաստղեր ու հասկանալի է՝ Բրազիլիայից սպասելիքները միայն չեմպիոնական են: Մրցաշարում տեսախցիկների ուշադրության կենտրոնում է լինելու 17-ամյա Էնդրիկը, որը Պելեից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը Բրազիլիայի հավաքականում 3 խաղ անընդմեջ գոլ է խփել:

D խմբից փլեյ-օֆֆում հայտնվելու համար կպայքարեն նաև Պարագվայի, Կոլումբիայի ու Կոստա Ռիկայի հավաքականները: Կոստա Ռիկայի թիմը Կենտրոնական Ամերիկայի միակ ներկայացուցիչն է, որը մրցաշարին մասնակցելու է 6-րդ անգամ: 2016 թվականին թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Կոստա Ռիկայի հավաքականի ամենամեծ հաջողությունն 2004թ․ Ամերիկայի գավաթի խաղարկությունում քառորդ եզրափակիչ հասնելն էր:

Մրցաշարի ամենհետաքրքրիր թիմերից է Կոլումբիայի հավաքականը, որը բավական լավ մարզավիճակում է և վերջին 8 խաղում տարել է 8 հաղթանակ՝ այդ խաղերից 5-ում դարպասը պահելով անառիկ: Կոլումբիայի հավաքականը նաև անպարտելի է 23 հանդիպում շարունակ: 2021 թվականին կայացած Կոպա Ամերիկայում կոլումբացիները կիսաեզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում պարտվեցին ապագա չեմպիոն արգենտինացիներին: Կոլումբիան ունի ուժեղ պաշտպանություն, ամուր կիսապաշտպանություն և շատ արագ հարձակում:

Պետք չէ թերագնահատել Պարագվայի հավաքականին, որը սիրում է խնդիրներ ստեղծել կարգով ավելի բարձր մրցակիցների համար: Պարագվայի հավաքականը նախորդ երկու խաղարկություններում դուրս է եկել քառորդ եզրափակիչ ու դաժան պայքար է առաջարկել մրցակիցներին՝ երկու դեպքում էլ պարտվելով հետխաղյա 11-մետրանոցներով:

Առաջին տուրի ժամանակացույցը 

A խումբ

Արգենտինա – Կանադա՝ հունիսի 21 (Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04։00-ին)

Պերու – Չիլի՝ հունիսի 22

B խումբ

Էկվադոր – Վենեսուելա՝ հունիսի 23

Մեքսիկա – Ճամայկա՝ հունիսի 23

C խումբ

ԱՄՆ – Բոլիվիա՝ հունիսի 24

Ուրուգվայ – Պանամա՝ հունիսի 24

D խումբ

Կոլումբիա – Պարագվայ՝ հունիսի 25

Բրազիլիա – Կոստա Ռիկա՝ հունիսի 25

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա