Ֆրանսիայի հավաքականի և Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը մտադիր է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», հայտնում է Kicker-ը:
26-ամյա լատերալը ցանկանում է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում և կարծում է, որ Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում կստանա այդ հնարավորությունը: Ֆուտբոլիստի գործակալն արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ:
Մյունխենյան գրանդը պատրաստ կլինի վաճառել խաղացողի տրանսֆերային իրավունքը, եթե գործարքի համար ստանա 15 միլիոն եվրոյից ավելի:
Պավարը «Բավարիայում» ելույթ է ունենում 2019 թվականից: Ակումբի հետ պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է Գերմանիայի առաջնության 13 խաղի և խփել 1 գոլ:
ԱԱ-2022-ում ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր միայն Ավստրալիայի ընտրանու դեմ խմբային փուլի հանդիպմանը:


