Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Անգլիա հնարավոր տեղափոխության մասին:
«Ես քիչ եմ հավատում այս նորությանը: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մեր ակումբները չեն խաղում եվրոպական մրցաշարերում: Իսկ ո՞վ է դիտում մեր առաջնությունը։ Բայց, եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է կասկածի դրան։ Նման առաջարկները չեն կարող մերժվել։ Միշտ կարող ես վերադառնալ Ռուսաստան:
Ես Էդուարդին խորհուրդ կտամ տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ «Մանչեսթեր Սիթիում» շանսեր չկան: Կարող եք ընտրել հիանալի ակումբ և ոչ մի հանդիպում չանցկացնել:
Իմ կարծքիով՝ «Նյուքասլում» նա կխաղա: Այնտեղից արդեն կարող է տեղափոխվել գրանդ ակումբ, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթի»», - Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուելս - Հայաստան (2-4) Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը ռուսական ակումբի 23-ամյա կիսապաշտպանի խաղին հետևել են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները: Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի ներկայացուցիչները տպավորվել են Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի խաղով։ Այժմ բանակցություններ են ընթանում, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չկա։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Ավելի վաղ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ճանաչվել էր նաև ՌՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։ «Կրասնոդարի» երկրպագուներն էլ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սպերցյանին ճանաչել էին թիմի լավագույն ֆուտբոլիստ։


