«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխն իր կարծիքն է արտահայտել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին։
«Լոնդոնի «Արսենալում» հանդես գալու ընթացքում մասնակցել եմ Թոմասի գլխավորած ՊՍԺ-ի հետ ընկերական խաղին։ Սակայն այն ժամանակ չկարողացա շփվել նրա հետ։ Ծանոթացանք մեկ տարի առաջ՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղի նախօրեին։ Նա լի էր էներգիայով և վճռականությամբ։ Նա բաց մարդ է, որը կարողանում է լսել և գրագետ շփվել։ Օժտված է բավական լավ հումորի զգացումով։ Սիրում է կատակել և լավ մթնոլորտ ստեղծել։
Միաժամանակ շատ աշխատասեր է. նրա համար շատ կարևոր է հավաստիանալ, որ թիմը պատրաստ է ամեն օր խաղալ ամենաբարձր մակարդակով։ Նա սիրում է ֆուտբոլը ու երբեք չի թաքցնում իր հույզերը։ Այդպիսին է նաև մարզումների ժամանակ։ Շիտակ արտահայտվում է իրեն գոհացրած կամ դուր չեկած երևույթների մասին»,- գրել է Չեխը «Չելսիի» պաշտոնական կայքում։
48-ամյա գերմանացի Թոմաս Տուխելը «Չելսին» գլխավորել է 2021 թվականի հունվարի 26-ին և ամիսներ անց թիմի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում։