Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Երևանում կայացած ընկերական խաղում Կոսովոյից 0-1 հաշվով կրած պարտությունը։
«Կարծում եմ` ֆիզիկապես չզիջեցինք մրցակցին։ Խաղում էինք եվրոպական բավական լավ մակարդակի հավաքականի դեմ։ Շատ հաճախ, հիմնականում, դրվագների վերջնամասում մեզ չէր հերիքում վերջին հարվածը, որը կախված է տեխնիկական վարպետության պակասից։
Խաղից հետո մտա հանդերձարան և շնորհակալություն հայտնեցի խաղացողներին` նշելով, որ որևէ մեկից դժգոհություն ու մեղադրանք չունեմ։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի` նոր ակումբ տեղափոխվելուց հետո ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։ Սա ազգային հավաքական է, այստեղ չկան հիմնական և պահեստային խաղացողներ։ Կա ռոտացիա. որ ֆուտբոլիստն այդ պահին ավելի ուժեղ է, նա էլ խաղում է։
Իվուն և Հարությունյանը տարբեր խաղաոճի ֆուտբոլիստներ են։ Գիտեք, որ Իվուն ավելի պաշտպանողական ոճի ֆուտբոլ է խաղում և Սպերցյանի հետ միմյանց լավ փոխլրացնում են։ Հովհաննես Հարությունյանի խաղից դժգոհություն չունեմ։ Իր ուժերի սահմանում նվիրվեց խաղին։
Շատ գոհ եմ Հարոյանի խաղից։ Նա իրեն դրսևորեց իսկական ավագի նման։ Նրա կարիերայում մի ժամանակահատված կար, երբ անընդհատ փոխում էր ակումբները և որոշակի դժվարություններ ուներ, բայց այժմ կարողացել ենք շատ լավ փոխըմբռնման հասնել։ Ֆուտբոլիստները փորձում են նմանվել Հարոյանին։ Այսօր նա, նույնիսկ, փորձում էր միանալ հարձակմանը, և ես էի նրան հետ կանգնեցնում, որպեսզի չխախտվի խաղային կարգապահությունը։ Հարոյանն Իսպանիայում հանդես գալու ժամանակներից ծանոթ էր Մուրիքիին, և շատ գոհ եմ նրա խաղից»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Պրահայում կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։


