Logo

Պետրակով. «Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը»

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
21:13 / 25.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Չեխիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման մասին, Պրահայից հայտնում է VNews-ի թղթակիցը:

«Ծանոթ եմ Չեխիայի հավաքականին, մի քանի անգամ խաղեր ունեցել եմ նրանց դեմ: Չեխերը նախընտրում են ուժային ֆուտբոլ: Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը, հատկապես՝ երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ցանկալի կլինի նաև վաղվա խաղում դրական արդյունք լինի, քանի որ ֆուտբոլում արդյունքը միշտ կարևոր է: Թիմի ֆիզիկական վիճակը լավ է: Մարզվել ենք երկու խմբերով, պատրաստ ենք վաղվա հանդիպմանը:

Չեմ կարող ասել՝ Տիգրան Ավանեսյանը վաղվա մրցավեճում խաղաժամանակ կստանա, թե՝ ոչ: Ավանեսյանի խաղին վաղուց եմ հետևում, նա մասնակցում էր հավաքականի մարզումային գործընթացին: Ավելի վաղ էի ցանկանում նրան տեսնել ազգային հավաքականում, բայց քանի որ երիտասարդական թիմում խնդիրներ կային, Ավանեսյանը միացել էր Մ21 թիմին: Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խնդիրներ կան ազգային հավաքականում: Հայաստանում շատ քիչ են այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները: Ժամանակին կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղացել են Սոլոմոն Ուդոն, Վբեյմար Անգուլոն: Ցանկալի է, որ այժմ այդ դիրքում խաղան հայ ֆուտբոլիստներ:

Սերգեյ Մուրադյանի հետ մեծ հույսեր եմ կապում: Հազվադեպ են հայկական ֆուտբոլում հանդիպում Մուրադյանի նման բարձրահասակ ֆուտբոլիստներ: Դեռևս աշնանը նա մարզվում էր Հայաստանի հավաքականում, կամաց-կամաց նրան մոտեցնում եմ ազգային թիմին»,- նշել է ուկրաինացի մասնագետը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ