Logo

Պետրակովի «կեղծ» որոշումը, Էդգարների խաղը, հետաքրքիր «ռեկորդը»․ Հավաքականի ելույթի հետքերով

Հեղինակ
Արման Աբելյան
16:59 / 10.06.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը վերջին 2 ընկերական խաղն անցկացրեց Ազգերի լիգային ընդառաջ: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախ դրսում պարտվեց Սլովենիային (1-2), ապա տանն առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ (2-1): Դա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր 2023-ի հունիսից ի վեր:

Պետրակովի ո՞ր քայլերը զարմանք առաջացրին, ի՞նչ ուշագրավ լուծումներ կային թիմի խաղում, ինչո՞վ առանձնացան հավաքականի 2 Էդգարները և ո՞ր գործոններն են անհանգստացնում հեռանկարի առումով: Հավաքականի վերջին ելույթները FastNews-ը ներկայացնում է 4 կետով:

Թիկնիզյանի ու Սևիկյանի վերաբերյալ արդարացված որոշումներ

Պետրակովը պահպանողական մարզիչ է: Նա սխեմայի փոփոխություն չի կատարում, հավաքականի հիմնական կորիզն էլ հազվադեպ է փոխում: Բայց նա այս 2 հանդիպումների համար ստիպված էր նոր մտքեր օգտագործել, որովհետև մի շարք կարևոր ֆուտբոլիստներ չէին միացել հավաքականին: Ղազախստանի դեմ մրցավեճը 2 հետաքրքիր մտահղացում մատուցեց։ Նաիր Թիկնիզյանը գործում էր որպես ձախ ենթահարձակվող: Նրան Լուկաս Սելարայանի դիրքում օգտագործելու հավանականությանն անդրադարձել էինք հավաքականի հայտացուցակի մասին հոդվածում: Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվում» էլ ավելի հաճախ որպես վինգեր է խաղում, ինչը նրան թույլ է տալիս մեծ օգուտ տալ հարձակմանը:


Հենց նրա գործողությունների շնորհիվ էլ Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը: Նաիրն և Էդուարդ Սպերցյանն այդ ու մի շարք այլ դրվագներում լավ էին հասկանում միմյանց: Թիկնիզյանը սուր էր խաղում, երկրորդ կեսում գոլային պահ էլ ունեցավ: Ակնհայտ է, որ նա այդ դիրքում իրեն հարմարավետ էր զգում: Նա մասնակցում էր նաև թիմային պրեսինգին, սակայն ստիպված չէր շատ խորքից պաշտպանվել, որտեղ երևում են նրա թերությունները: Նաիրը հավաքական չէր ժամանել օպտիմալ մարզավիճակում, որովհետև «Լոկոմոտիվում» վերջերս շատ չէր խաղում: Նա, ինչպես հետո պարզվեց, խաղի նախօրեին 38,5 աստիճան ջերմություն է ունեցել, բայց դրա մասին մարզչի տեղյակ չի պահել, որպեսզի մասնակցի հանդիպմանը:

Մյուս քայլը նույն հանդիպման երկրորդ կեսում Էդգար Սևիկյանին «Կեղծ 9 համար» խաղացնելն էր, դեր, որ իրագործելն ամենևին հեշտ չէ: Մարզումների ժամանակ այդ դերի համար Սպերցյանը ևս փորձարկվել է: Առանց «մաքուր» հարձակվողի խաղալն արդարացված էր: Սևիկյանը լավ էր նահանջում, համագործակցում թիմակիցների հետ, աջ ոտքով գոլային փոխանցում կատարեց Վահան Բիչախչյանին, ունեցավ նաև գոլ խփելու 2 ակնհայտ շանս: Որոշ դրվագներում կարող էր ոչ թե հարվածել, այլ գնդակը թիմակիցներին փոխանցել: Պետրակովն այս քայլին, ըստ մրցակցի, կարող է հետագայում վերադառնալ: Հետաքրքիր կլիներ այս դերում նաև Լուկաս Սելարայանին տեսնելը, ինչը նաև թույլ կտար Թիկնիզյանին պահել հարձակման ձախ եզրում:

Այլ քայլեր, որոնք ևս հետագայում կօգնեն

Անդրադառնանք Էդգարներից մյուսին՝ Գրիգորյանին: «Արարատ-Արմենիայի» պաշտպանն առաջին անգամ խաղաց ազգային հավաքականի հիմնական կազմում՝ մրցելով Ղազախստանի դեմ: Նա վստահ տեսք ուներ: Մի քանի անգամ լավ միացավ գրոհներին, նրա փոխանցումից հետո Բիչախչյանը մոտ էր գոլ խփելուն: Գրիգորյանը նաև իր արագության և կենտրոնացվածության շնորհիվ հուսալի էր պաշտպանության ժամանակ: Պետրակովն էլ նշեց, որ իրեն գոհացնում են Էդգարի ոչ միայն խաղային, այլև մարդկային հատկանիշները: 25-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան անցկացրեց «Արարատ-Արմենիայում» ու մարզավիճակը պահելու դեպքում կարող է մրցակցություն ապահովել այս դիրքում:

«Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը ևս նույն մրցավեճում առաջին անգամ հայտնվեց հավաքականի հիմնական կազմում: Ղազախների դեմ հանդիպմանը Վարազդատ Հարոյանը և Գեորգի Հարությունյանը հեռու էին իրենց լավագույն մակարդակից: Հենց «Նոայի» 19-ամյա պաշտպանը քանիցս ապահովագրեց թիմակիցներին: Նա գրագետ էր դիրքավորվում տուգանային հրապարակում և չէր զիջում մենապայքարներում: Ցավալի է, որ վերջում գնդակը նրա ձեռքին դիպավ, ու 11-մետրանոց նշանակվեց: Մուրադյանը հետագայում պետք է ավելի վստահ խաղա նաև խորքից գրոհներ սկսելու ժամանակ: Հատկանշական է, որ, Հարոյանից բացի, հրավիրված մեր մյուս 5 կենտրոնական պաշտպանները 18-21 տարեկան էին:

«Նոայի» նորեկ Արտակ Դաշյանը 2 մրցավեճն էլ անցկացրեց խաղադաշտի կենտրոնում: Պետրակովը նրան անցյալում միայն մեկ խաղակես էր այդ դիրքում օգտագործել, մինչդեռ «Փյունիկում» հիմնականում այդտեղ է հանդես եկել: Դաշյանի խաղը Սլովենիայի դեմ ուներ թերություններ, 34-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանի դեմ շատ ավելի լավ հանդես եկավ: Նա ուժեղ էր մենապայքարներում և բազմիցս ապահովագրեց հարձակմանը միտված Սպերցյանին: Ուգոչուկվու Իվուն մնում է հիմնական խաղացող այս դիրքի համար, բայց մարզչին ավելի շատ տարբերակներ ունենալը չի խանգարի: Սոլոմոն Ուդոն ևս կարող է բալանս ապահովել Սպերցյանի կողքին, իսկ Հովհաննես Հարությունյան - Էդուարդ Սպերցյան զույգը շատ ավելի հարձակողական է:

Պետրակովը, կարծես, փոխվում է, և դա լավ է

Արդեն նշվեց, որ եթե չլինեին այսքան կորուստներ, Պետրակովը, հնարավոր է, կրկին «կրեատիվություն» ցույց չտար: Ամեն դեպքում, երևում է, որ նա սկսում է ուրիշ ձև վերաբերվել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայից ժամանող ֆուտբոլիստներին, մանավանդ՝ երիտասարդներին: Ուկրաինացի մասնագետն անցյալում դժգոհում էր առաջնության որակից և նշում, որ չկան նոր խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Հիմա նա ասում է, որ առաջնության որակը նախորդի համեմատ բարձրացել է, ու որ ինքը գոհ է այս հավաքին երիտասարդների կատարած աշխատանքից: Հավաքականի մարզիչը, չնայած առկա բոլոր խնդիրներին, պարտավոր է բոլոր ռեսուրսներից օգտվել:

Հայաստանի առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներից Գրիգորյանի և Մուրադյանի խաղին արդեն անդրադարձանք: Գումարած, հավաքականում նորամուտը նշեց «Ուրարտուի» վինգեր Գևորգ Տարախչյանը, որը Սլովենիայի դեմ խաղում կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես եկավ: 2 հանդիպումներում էլ բավական խաղաժամանակ ստացան «Արարատ-Արմենիայի» եզրայիններ Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Սերոբյանը: Երկուսն էլ սուր էին խաղում: Սերոբյանին Պետրակովը վաղուց է վստահում: Շաղոյանը շուրջ 1 տարի չէր խաղացել հավաքականում և մի քանի տպավորիչ անցումներով առանձնացավ, մոտ էր անգամ Ղազախստանի հավաքականի դարպասը գրավելուն: Նրա պոտենցիալը մեծ է, այդ ֆուտբոլիստն իսկական վտանգ է՝ հատկապես փոխարինման մտնելուց հետո:

Ղազախստանի դեմ խաղում հիմնական կազմում էր Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ներկայացուցիչ (ռեկորդ Պետրակովի օրոք), փոխարինման մտած 6 խաղացողներից 4-ը ևս ներքին առաջնությունից էին: 2 խաղում լավ աշխատանք կատարեց նաև Հայաստանի ավարտված առաջնության գլխավոր ռմբարկու Արթուր Միրանյանը: Նա իր սիրելի ոճով լավ էր նահանջում ու մասնակցում կոմբինացիաներին, նաև աշխատում պրեսինգի ժամանակ: Պակասեց գոլը, թեև մի քանի պահ ունեցավ: Պետրակովը պետք է շարունակի փնտրել ֆուտբոլիստների, օգտագործել գոնե կոնկրետ խաղերում կոնկրետ առաջադրանքների համար, ինչպես Խոակին Կապառոսն էր հաջողությամբ անում շուրջ մեկ տարի:

Թերությունները

Հայաստանի հավաքականը մինչև Ղազախստանին հաղթելը 9 հանդիպում անընդմեջ հաջողություն չէր գրանցել: Իհարկե, գրեթե բոլոր մրցակիցները ավելի ուժեղ են եղել: Մարտին կայացած 2 ընկերականների համեմատ՝ խաղային առումով այս 2 մրցավեճերն ավելի լավն էին: Եվրո-2024-ի մասնակից Սլովենիային կարող էինք առնվազն չպարտվել, երկրորդ կեսում մեծ առավելություն ունեինք: Ղազախստանի դեմ հանդիպումը հակասական էր, դրական պահերն ավելի շատ էին, սակայն եղան հատվածներ, որոնք ձախողեցինք: Հարկավոր է ավելի ուշադիր պաշտպանվել ստանդարտների ժամանակ: Բայց պետք է ասել, որ Սլովենիայի դեմ հայ ֆուտբոլիստներն էին զարմանալիորեն վտանգավոր ստանդարտներ իրացնելիս, նույնիսկ գոլ խփեցին անկյունայինից հետո:

Ազգերի լիգայում կփորձարկվի թիմի դիրքային գրոհների որակը: Պետրակովի օրոք հավաքականը շատ ավելի կոմբինացիոն է խաղում, բայց համեմատաբար փակ թիմերի դեմ գործելը Հայաստանի հավաքականի համար միշտ էլ դժվար է եղել: Ղազախստանի դեմ խաղում թիմն արագ գոլ խփեց, գործը հեշտացավ, հակառակ դեպքում թիմը սկսելու էր շտապել և սխալներ թույլ տալ: Գրոհելիս պետք կլինի համբերատարություն: Հայաստանի հավաքականը միշտ էլ խնդիրներով է խաղերին մոտենում՝ կադրային, նաև ֆուտբոլիստների մարզավիճակի առումով: Այստեղ կրկին կարևոր կլինի մարզչական գործը: Առանձին դիրքերում պետք կգան հստակ լուծումներ, որոնք, հուսանք, նույնքան դիպուկ կլինեն, որքան այս անգամ Թիկնիզյանի ու Սևիկյանի դիրքերի ընտրության դեպքում էին:

Պաշտպանների խաղն այս անգամ գոհացուցիչ չէր, բայց նրանք բավականին լավն էին նախորդ 2 հավաքների ժամանակ: Հրանտ-Լեոն Ռանոսին պետք է սպասել լավ մարզավիճակում, սակայն սխալ է միայն հարձակվողներից գոլեր ակնկալելը: Վինգերները նույնպես պահեր ունենում են և, անկասկած, կարող են գոլեր խփել, ինչն անում են իրենց ակումբներում: Վահան Բիչախչյանը, գոլ խփելով, մի կողմ դրեց հոգեբանական պատնեշը: Այս 2 խաղերին նաև Սպերցյանը ցույց տվեց այն խաղամակարդակը, որին իրենից սպասվում է: Հայաստանի հավաքականը մնում է հակասական՝ դրականով և բացասականով, բայց դա է թիմի մակարդակը: Պետք է թիմից շատ սպասել, սակայն երբեք չկտրվել իրականությունից, ինչը մեզ հաճախ է խանգարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ