Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դրամատիկ հաղթանակով դուրս եկավ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը լարված պայքարում 9-5 հաշվով հաղթեց 40-ամյա ուզբեկ Ռուստամ Ասակալովին։ Առաջին մրցափուլից հետո Ալեքսանյանը հաղթում էր 5-0 հաշվով, սակայն երրկրորդում ուզբեկ ըմբիշը հավասարեցրեց հաշիվն ու առավելություն ստացավ վերջին միավորը վաստակելու շնորհիվ։ Սակայն գոտեմարտի ավարտից 29 վայրկյան առաջ Արթուրը 4 միավորանոց հնարք կատարեց ու հասավ տպավորիչ հաղթանակի։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր հարավկորեացի Սինջուն Կիմի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0։
Երեկոյան մրցահերթում 32-ամյա Ալեքսանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Գաբրիել Ռոսիլյոյի հետ։ 25-ամյա կուբացին 2023թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթել է հենց Արթուր Ալեքսանյանին։
Օգոստոսի 6-ին պայքարի մեջ է մտել նաև 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), որը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Իր համար առաջին Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում 25-ամյա Ամոյանը ժամկետից շուտ 8-0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենին, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ է գտնվել իրանցի Ամին Կավիյանինեժադից 3-0:
Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


