Logo

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

20:52 / 06.08.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում 32-ամյա գյումրեցի ըմբիշը 5-3 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Գաբրիել Ռոսիլյոյի նկատմամբ: Ալեքսանյանը ռևանշի հասավ 2023թ. աշխարհի առաջնության եզրափակիչում կրած ցավալի պարտության համար։

Օգոստոսի 7-ին կայանալիք եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի 2021թ. աշխարհի չեմպիոն ու Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 26-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: 

Ալեքսանյանը և Սարավին նախկինում հանդիպել են երեք անգամ, բոլոր գոտեմարտերում հաղթել է հայ ըմբիշը։

Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր հարավկորեացի Սինջուն Կիմի նկատմամբ վստահ հաղթանակով (9-0), իսկ քառորդ եզրափակիչում լարված պայքարում 9-5 հաշվով հաղթել էր 40-ամյա ուզբեկ Ռուստամ Ասակալովին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ), որը 1-3 հաշվով պարտվել էր ճապոնացի Նոա Կուսակային: Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանն օգոստոսի 7-ին բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի ու ալժիրցի Էլկրիմ Ուակալիի դիմակայության հաղթողի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ), պայքարը կսկսի օգոստոսի 7-ին:

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ