Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ է մտել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որը մոտ էր եզրափակիչի ուղեգիր նվաճելուն։
30-ամյա մարզուհին մասնակցել է 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլին և 43 մարզուհիների պայքարում 576 միավորով գրավել է 9-րդ տեղը։ Կարապետյանին ընդամենը մեկ միավոր չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար։ Եզրափակիչ են անցել 8 լավագույն հրաձիգները։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի օլիմպիական թիմից պայքարն ավարտել է նաև 21-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որը չի կարողացել հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլը։ 21-ամյա Մանուչարյանը 1:01:24 րոպե արդյունքով գրավել է 26-րդ տեղը, իսկ եզրափակիչ են անցել 16 լավագույն լողորդները։
Հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտնելու Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ Երևանի ժամանակով 17:30-ից մեկնարկելու է մարմնամարզության գործիքների որակավորման փուլը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկ վարժության որակավորման փուլին։
Պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի թիմի ամենատարեց անդամը` Եվրոպայի կրկանկի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկը մասնակցելու է օղակներ վարժության որակավորման փուլին։
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


