Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):
Հայաստանի ներկայացուցիչների համար առաջին մրցումային օրը հուլիսի 27-ն է։ Այս օրը որակավորման փուլից պայքարի մեջ մտնեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլա, 100 մ):
Եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլմիրա Կարապետյանը վճռորոշ մրցումը կանցկացնի հուլիսի 28-ին։ Իսկ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեդալային պայքար կմղեն օգոստոսի 4-ին։
Հուլիսի 29-ին ռինգ դուրս կգա բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ), որը գերծանր քաշային կարգում կմրցի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։ Գյումրեցի բռնցքամարտիկը նաև Հայաստանի դրոշակակիրն է հուլիսի 26-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Հուլիսի 30-ին որակավորման փուլից պայքարը կսկսի լողորդ Արթուր Բարսեղյանը։ Հայաստանի առաջատար լողորդն ուժերը կփորձի ազատ ոճի 100 մետրում, որի եզրափակիչը նախատեսված է նույն օրը։
Օգոստոսի 6-ից պայքարի մեջ կմտնեն ըմբիշները։ Այդ օրը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Հաջողության դեպքում Գալստյանը մեդալի համար կպայքարի հաջորդ օրը։
Օգոստոսի 7-ին է նախատեսված նաև աթլետիկայում Հայաստանի միակ պատվիրակ Երվանդ Մկրտչյանի ելույթը։ Գյումրեցի վազորդն ուժերը կչափի 800 մետր վազքի որակավորման փուլում։
Օգոստոսի 8-ին պայքարը կսկսի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Այդ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։
Օգոստոսի 9-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Օգոստոսի 10-ին մեդալային պայքարին կմիջամտեն ծանրորդներ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Օգոստոսի 10-ին պայքարը կսկսի ըմբշամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կանցկացվեն օգոստոսի 11-ին՝ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության օրը։
Փարիզ-2024-ում կվիճարկվի մեդալների 329 հավաքածու՝ 10-ով քիչ, քան Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում։
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ին Հայաստանը մասնակցել էր 17 մարզիկով, նվաճել էր երկուական արծաթե ու բրոնզե մեդալ և 69-րդ տեղը գրավել մեդալային հաշվարկում։ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական մեդալներին ավելացրել էր նաև արծաթը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն արժանացել էին բրոնզե մեդալի։


